Արթուրի մոր աչքն այդպես էլ որդու ճամփին մնաց: Հիմա նկարներով ու հեռախոսում մնացած տեսանյութերով են տղայի կարոտն առնում: 18-ամյա Արթուրը ժամկետային էր, Մեխակավանում էր ծառայում. ընտանիքում երկար սպասված միակ որդին էր:
Հրանուշ Սուքիասյան (Արթուր Սուքիասյանի մայրը) - Իրանից շատ սովորեցինք նվեր եղավ քույրիկներից հետո Աստված նվիրեց, փոքրուց հայրենասեր մեծացրինք:
Նժդեհ ու Մոնթե էր կարդում, նրանց անցած ուղին ուսումնասիրում, մտածում մեծ հաջողությունների հասնելու, մինչև անգամ նախագահ դառնալու մասին։
Կենսախինդ երիտասարդը բանակային 7 ամսվա ծառայության ընթացքում ծնողներից միայն գիրք է խնդրել: Մայրը հիշում է՝ տղան միշտ ինքնակրթվում էր: Ծառայության երկու տարում որոշել էր աշխարհի ղեկավարների անցած ուղին բացահայտել:
Հրանուշ Սուքիասյան - Ջաբրայիլում շատ էր կարդում, գրքեր էինք ուղարկում՝ Րաֆֆու հատորները, Չերչիլ, Մակրոն, Գյուրջիև էր ուզել վերջին անգամ:
Նպատակները իրականացնելու համար որոշել էր միանգամից երկու մասնագիտություն ստանալ: Սովորում էր Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և Հայ բանասիրության ֆակուլտետներում։
Փոքր տարիքից նաև մարզվում էր, «Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի» լավագույն սաներից էր, կարատեի սև գոտի ուներ, տարբեր մրցաշարերում բազմաթիվ հաղթանակներ էր տարել։
Արծրուն Միսակյան (Արթուր Սուքիասյանի մարզիչը) - Հայաստանի առաջնությունների մրցանակակիր, չեմպիոն, Կովկասի առաջնության չեմպիոն: Մասնակցել է Եվրոպայի առաջնությունների, միջազգային մրցումների: Մրցանակակիր էր, վերջին տարիներին Հայաստանի անփոփոխ չեմպիոն էր դառնում քաշային և տարիքային:
Միջազգային մրցաշարերից ոչ միայն հաղթանակներով էր վերադառնում, այլ նաև ընկերների շրջանակը մեծացնում: Նրա զոհվելուց հետո իրանցի մարզիկ Ահմադ Բաղերիփուրը Հայաստանում նվաճած իր ոսկե մեդալը որոշել է, որպես հարգանքի տուրք, նվիրել Արթուրի ընտանիքին։ Արթուրն իր քաշային կարգում անպարտելի մրցակից էր: 15 տարեկանում նոկաուտով պարտության էր մատնել նաև ադրբեջանցի մարզիկներին ու իր ստացած բազմաթիվ գավաթներից ամենաշատը դա էր առանձնացնում:
Տարիներ անց մարտն արդեն պատերազմի դաշտ տեղափոխվեց։ Արթուրը հաղթեց իր կռիվը՝ 30 օր պայքարելով թշնամու դեմ։ Մեխակավանում վիրավորվել էր, բայց դեռ լիովին չապաքինված՝ վերադարձել էր մարտի դաշտ, կանգնել ընկերների կողքին:
Գագիկ Սուքիասյան (Արթուր Սուքիասյանի հայրը) - Ուզում էր վերադառնալ: Ասում էր՝ գնամ, տղերքին հասնեմ: Համարում էր, որ իրա ներկայությունը կօգնի բոլորին: Սովորել ենք ճիշտ ապրել, գնահատել այսօրվա պահը: Երջանիկ ենք, որ իր հետ ապրել ենք: Շատ կուզեի՝ մեզ հետ լիներ: Գերադասեց հայրենիքը: Բանակում էլ չլիներ՝ կամավոր էր գնալու:
Քույրերը հիշում են՝ կրտսեր եղբայրն իրենց շատ բան է սովորեցրել: Կյանքը շարունակում են Արթուրի խորհուրդներով և նրա հումորները հիշելով:
Սեդա Սուքիասյան (Արթուր Սուքիասյանի քույրը) - Նա մեզ սովորեցրեց ճիշտ ապրել ուրախանալ պահով, պահը վայելել, արժեվորել:
Արթուրը զոհվեց հոկտեմբերի 30-ին, Մարտունիում՝ անօդաչուի հարվածից:
Մհեր Գևորգյան (Արթուր Սուքիասյանի ընկերը) - Արթուրից սովորել եմ սիրել Հայրենիքը:
Արթուրը Արցախի նախագահի կողմից առաջադրվել է պարգևատրման: Նրան առաջիկայում հետմահու կպարգևատրեն մարտական ծառայության մեդալով:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան