«Ո՞րն է Ձեր աշխատանքի այն կոնկրետ արդյունքը, որն առաջարկությունների տեսքով մենք այստեղ կարող ենք ակնկալել: Չեմ նսեմացնում Ձեր աշխատանքը, նկատել եմ, որ դուք աշխատանք արել եք, բայց մենք կարիք ունենք կոնկրետ գործողությունների: Գոնե օրենսդրական նախաձեռնությունը մեր տիրույթում է, բայց ես այդպես էլ չտեսա օրենքի նախագծի գոնե սաղմնային վիճակ»,- հանքարդյունաբերության ոլորտն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանին հարցրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը:
Բագրատյանի աշխատանքի արդյունավետության մասով հարցադրումները շատ էին: ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն էլ նշեց, որ հետևողականության պակաս է տեսել Բագրատյանի աշխատանքում:
«Նրանք, ովքեր տվյալները Ձեզ չէին ներկայացնում, հավանաբար Դուք պետք է գնայիք և ուղղակի պարտադրեիք, որ անհրաժեշտ տեղեկատվությունը Ձեզ տրամադրվեր: Եթե մամուլը աշխատեր ձեզ հետ, ինչպես աշխատել է Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի պարագայում, ավելի հեշտ կլիներ բերման ենթարկել նրանց, ովքեր պարտավոր էին ձեզ տեղեկություններ փոխանցել: Հասկանալի է, որ ահռելի շահեր կան այդտեղ: Ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բնույթ ունեն դրանք՝ նախկին իշխանությունների հետ կապված: Դրանց սեփականատերերի մեծ մասը մեր երկրին մեծ վնաս հասցրած քաղաքական շրջանակներ էին, և Դուք պիտի իմանայիք, որ էսպիսի հարցեր առաջ են գալու: Համարո՞ւմ եք, որ 6 ամիս հետո այն նպատակը, որ ի սկզբանե դրեցիք այսպիսի քննիչ հանձնաժողով կազմավորելու, իրագործվել է»,- հարցրեց Բաբաջանյանը:
«Ասում եք՝ Ապրիլյանը հրավիրեց, եկան: Ապրիլյանից հրավիրեցին, պահանջեցին, բայց Խաչատուրովը չեկավ: Չեմ կարծում՝ որևէ մեկս կարողացավ ստիպել, որ գա: Եթե մեր դեպքում էլ Անանյանը չի եկել, ես ինչ կարող էի անել: 10-15 անգամ զանգել եմ, նիստին մոտեցել, խնդրել եմ, որ մասնակցի, ոչ մի անգամ չի ասել՝ չէ, բայց չի եկել: Ոչ մի լծակ չունեմ նրան ստիպելու: Որևէ աշխատանք չկա, որ ես կատարել եմ, համարում եմ, որ դա բավարար է, սա՝ նույնպես: Խնդիրը, որ դրել եմ իմ առջև, մասամբ լուծել եմ, համարում եմ, որ թափանցիկություն ու արժանահավատություն չկա»,- ի պատասխան նշեց Բագրատյանը:
Հանձնաժողովի ցանկացած անդամ ունեցել է նույն լիազորությունները, ինչ հանձնաժողովի նախագահը: Եթե մեղադրելու բան ունեք անբավարար աշխատանքի մասով, ուրեմն ԱԺ-ի կողմից առաջադրված բոլոր անդամները հավասարապես պատասխանատու են աշխատանքի որակի համար՝ նշեց Բագրատյանը: