ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու վերաբերյալ հրապարակումները ուղարկվել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու: Այս մասին 1lurer.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Հիշեցնենք՝ ԱԺ նախագահի հասցեին նման հայտարարություն արել էր Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը:
Արարատ Միրզոյանը ցնդաբանություն էր որակել Մինասյանի հայտարարությունները` շեշտելով, որ դրանք պետք է արժանանան քրեաիրավական գնահատականի:
ՀՀ ԱԱԾ-ն էլ հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ Միքայել Մինասյանի կողմից ԱԺ նախագահի վերաբերյալ հրապարակված տեղեկատվությունն ակնհայտ սուտ է ու իրականության հետ որևէ աղերս չունի: