Հայաստանում ակտիվ շահագործվող հանքերից ոչ մեկը բյուջե շահութահարկ չի վճարում: Ստացվում է՝ այդ բոլոր՝ մոտ 3 տասնյակ հանքավայրերն աշխատում են առանց շահույթի։ Այսօր հայտարարեց խորհրդարանական քննիչ հաձնաժողովի նախագահ Սերգեյ Բագրատյանը: Նրա կարծիքով՝ շահութահարկի բացակայությունը պետք է քննարկման առարկա դարձնել:
Քննիչ հանձնաժողովն ստեղծվել էր հանքարդյունաբերության խնդիրներն ուսումնասիրելու, պարզելու, թե որքանո՞վ են օրինական ու արժանահավատ եղել հանքերը շահագործող ընկերությունների ներդրումային ծրագրերի ֆինանսական փաստաթղթերն ու կառավարությանը ներկայացված հաշվետվությունները։ Նախկին ԲՀԿ-ական, իսկ հիմա արդեն անկախ պատգամավոր Բագրատյանն ասում է՝ պարզաբանումներ ստանալու համար խորհրդարան են հրավիրել նաև ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանին, սակայն, նա չի եկել։
Բագրատյանի ելույթի մի մեծ հատված Ամուլսարի մասին էր։ Թեև հանքը դեռ չի շահագործվում, բայց պատգամավորը հենց դրա օրինակով խախտումներ գտավ ու մեջբերեց բնապահպանների պնդումները։ Քննիչ հանձնաժողովը ձախողել է իր աշխատանքը՝ սա էլ հայտարարեց տնտեսագետ, պատգամավոր Բաբկեն Թունյանն ու ասածը հիմնավորեց փաստերով՝ հանքերի ֆինանասական փաստաթղթերն ուսումնասիրելու համար ռեսուրս ու մասնագետ չկար, հանձնաժողովն էլ կենտրոնացել էր հիմնականում մեկ ընկերություն վրա։
Թունյանը կարծում է՝ աշխատանքը լիարժեք չանելու համար օբյեկտիվ պատճառ էլ է եղել։ Հարացաշար են կազմել, ուղարկել ընկերություններին, բայց նորմալ պատասխան չեն ստացել։
Որպես թիրախ, հինգ խոշոր հանք են ընտրել՝ Թեղուտը, Ամուլսարը, Զանգեզուրը, Մղարթն ու Սոթքը։
Զեկույցը խորհրդարանն ընդունեց ի գիտություն, անցավ մյուս հարցերին։ Կառավարությունն առաջարկում է մեծացնել հակամենաշնորհային մարմնի լիազորություններն ու ՏՄՊՊՀ-ին տալ նաև օպերատիվ հետախուզական տվյալներ ձեռք բերելու գործիքներ։ «Լուսավոր Հայաստանից» անհանգստանում են՝ դա բիզնեսին վախեցնելու գործիք պետք է չլինի և հոնքը ուղղելու փոխարեն աչքն էլ չհանի։
Կառույցի ղեկավարն արձագանքեց՝ օպերատիվ գործողությունները հանձնաժողովը չի իրականացնելու, ավելին՝ փոփոխությունը բացառապես խոշորին է վերաբերելու, որ բացառվեն հակամրցակցային գործարքները:
Մեկ այլ նախագծով էլ գործադիրն առաջարկում է լիցենզավորել մեքենաների վրա գազի բալոն տեղադրող ընկերություններին։ Անվտանգության խնդիր է՝ շեշտում է ոլորտային փոխնախարարը, ասում՝ պահաջները կսահմանի կառավարությունը, մեքենայում տեղադրված գազաբալոնը կունենա վկայագիր և առանց դրա չի սպասարկվի։
Մեքենան կշահագործեն բենզինով, թե գազով՝ էական չէ։ Նոր կարգ է սահմանվելու նաև տեխզննում անցկացնելու համար։ Բանկում վճարում անելու, կտրոնն էլ դիմապակուն փակցնելու ձևական գործընթացը վերանալու է՝ ասաց գործադիրից օրենսդիր եկած փոխնախարարը։ Արմեն Սիմոնյանի խոսքով՝ ստեղծվելու է էլեկտրոնային շտեմարան ու արատորոշման քարտ, որով էլ ոստիկանությունը կառաջնորդվի, անգամ հեռակա՝ առանց մեքենան կագնեցնելու կստուգի։
Վարորդներին վերաբերող մեկ նախագիծ էլ «Իմ քայլի» պատգամավորներ են մշակել՝ առաջարկելով Երևանի 12 վարչական շրջանից միայն երկուսում՝ Կենտրոնում ու Արաբկիրում թողնել կարմիր գծերն ու կայանման գումարը չվճարելու համար տուգանել միայն 15 րոպե տևողությամբ տեսանյութի առկայության դեպքում։
Պատգամավորը հստակեցրեց՝ այդ տեսանյութը հասանելի կլինի նաև վարորդին։ «Իմ քայլից» Ռուստամ Բաքոյանն էլ առաջարկում է լրացում կատարել տոների ու հիշատակի օրերի մասին օրենքում՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը սահմանելով որպես ազգային փոքրամասնությունների օր։