Ստամբուլահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը Թուրքիայի խավար, անարդար էջերից մեկն է։ Հենց այս անարդարությունն է, որ արդեն 14 տարի է հունվարի 19-ին համախմբում է Թուրքիայի հասարակության ամենատարբեր շերտերին՝ հիշատակելու Դինքին և վառ պահելու նրա գաղափարները։ Խաղաղության ջատագով Դինքի գաղափարները բեկումնային էին ոչ միայն հայկական համատեքստում, այլև Թուրքիայի ոչ հայ հասարակության քաղաքական հայացների ձևավորման հարցում։
Ֆուլյա Օզլեմ, արվեստագետ - Շրջապատիցս, ընկերներիցս լսեցի լուրը։ Տեղեկացա քայլերթի մասին և անմիջապես գնացի մասնակցելու։ Իրականում՝ պատմությունը նախաբան ունի։ Հրանտ Դինքի հետ դրանից մեկ ու կես տարի առաջ էի ծանոթացել, շատ պատահական ծանոթություն էր։ Սպանության ժամանակ նրա այցեքարտը դեռ դրամապականումս էր։ Ձեռքսեղմումն եմ հիշում։ Կարծես գրկախառնվում էր։ Այնքան ջերմ, ընկերական էր։ Այն պահին, երբ իմացա սպանության մասին, նրա ընկերական ժպիտը, ջերմ հրաժեշտն աչքիս առջև էին։ Անհնար է բացատրել զգացմունքներս։ Շատ տխուր էի, մինչ այժմ էլ շատ տխուր եմ։
Հրանտ Դինքի սպանությունը մեծ ազդեցություն է ունեցել նաև շատերի վրա, ովքեր չէին ճանաչում նրան, չգիտեին նրա գաղափարների մասին։ Մարդիկ հավաքվել և տասնյակ հազարներով մասնակցում էին քայլերթին՝ դեպի «Ակօսի» խմբագրատուն, որի դիմաց էլ սպանվել էր Դինքը։
Թայլան Քեսանբիլիջի, լրագրող - Սիրելի Հրանտ Դինքի սպանության օրը, ավելի ճիշտ այդ լուրը ստանալու պահին, ես էլ Թուրքիայի հասարակության մի մասի նման նրան չէի ճանաչում։ Նրա սպանությունը պատճառ հանդիսացավ անցյալի էջերն ուսումնասիրելու։ Այս սպանությունը, այս հուսահատ իրավիճակն ինձ ծանոթացրեցին լրագրողին, ում նախկինում չէի ճանաչում և ում հետ տարիներ անց նույն մասնագիտությունն էի կիսելու։
Նազըմ Սոյլու, հնէաբան - Այդ օրը երբեք չեմ մոռանում։ Ցուրտ էր, ընկերներիս հետ էի, բոլորն էլ Հրանտին գիտեին։ Տրամվայում էինք, երբ հաղորդագրություն ստացանք, որ Հրանտն սպանվել է։ Ես և այդ հաղորդագրությունը կարդացած բոլոր ընկերներս լռեցինք և միմյանց էինք նայում։ Նախևառաջ փորձեցինք հասկանալ, թե ի՞նչ է կատարվել։ Այնուհետև մենք էլ, բազմության հետ, սկսեցինք քայլեր դեպի շենքը։
Դինքի գործունեությունը, խաղաղասիրական հայացքները մեծ հետք են թողել Թուրքիայի հասարակության զգալի հատվածի կյանքում։ Ազգայնական հատվածների թիրախավորման տակ հայտնված Հրանտ Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ը, վերածվել է խորհրդանշական օրվա, երբ հազարավոր մարդկանց մասնակցությամբ հարգանքի տուրք է մատուցվում նրա հիշատակին՝ «Բոլորս Հրանտ ենք, բոլորս հայ ենք» վանկարկումներով։
Նազըմ Սոյլու - Հրանտ Դինքի տեսակետներին, գաղափարներին համալսարանի առաջին տարիներին ծանոթացա։ Իմ գաղափարները նոր-նոր էին ձևավորվում։ Հրանտը հասարակությունը որպես մեկ ամբողջականություն էր դիտում՝ առանց թուրք, հայ, քուրդ հաշվի առնելու, մեկ ընդհանուր ճակատագիր էր տեսնում։ Դա ազդեցիկ էր ինձ համար։ Հատկապես շատ էի ազդվել հետևյալ խոսքերից. «Այո', այս հողերի վրա աչք ունենք, բայց ոչ թե այս հողերը վերցնել-տանելու, այլ այս հողերի խորքն անցնելու համար»։
Թայլան Քեսանբիլիջի - Դինքն ինձ համար եղբայրության խորհրդանիշն է: Եղբայրությունն է, որ միտքս է գալիս, երբ մտածում եմ Դինքի մասին։
Այս տարի առաջին անգամ Հրանտ Դինքի հիշատակի արարողությունը տեղի կունենա առցանց։ «Հրանտի ընկերները» «Այստեղ ես աղպարիկ» կարգախոսով կոչ են անում բոլորին միանալ առցանց արարողությանը Hrant İçin Adalet İçin հարթակում, որը թարգմանաբար նշանակում է «Հրանտի համար, արդարության համար»։ Արվեստագետ Ֆուլյա Օզլեմը համոզված է՝ Ռաքել Դինքի ելույթը շատերիս մտքից դուրս չի գալիս։ Երեխային մարդասպան դարձնող խավարը պետք է հարցականի տակ դնենք՝ վստահ է նա։