17-ամյա Դավիթը Ժաուտիկովյան 17-րդ միջազգային օլիմպիադայի 17 հայ մեդալակիրներից մեկն է: 2020-ին՝ բրոնզ, այս տարի ոսկի է բերել: «Քվանտ» վարժարանն այս տարի գերազանցությամբ կավարտի: Ուզում է Քեմբրիջի համալսարանում սովորել:
Դավիթ Գյուլամիրյան («Քվանտ» վարժարանի աշակերտ) - «Ոսկե մեդալն ինձ հնարավորություն կտա արտասահմանյան համալսարաններ ավելի հեշտ ընդունվել: Օլիմպիադային լուրջ խնդիրներ էին: Պետք էր ունենալ շատ գիտելիքներ ֆիզիկայից, որպեսզի կարողանայինք բարձր արդյունքներ ունենալ:
Օլիմպիադան առցանց տարբերակով էր: Աշակերտները միջազգային քննություն են հանձնել մաթեմատիկայից, ֆիզիկայից ու ինֆորմատիկայից: Հայաստանը ներկայացել էր երեք թիմով՝ երկուսը «Ֆիզմաթ» դպրոցից, մեկն էլ՝ «Քվանտ» վարժարանից, որը թիմային հաշվարկում առաջին տեղն է զբաղեցրել:
Գրիգոր Աղաբաբյան («Քվանտ» վարժարանի ֆիզիկայի ուսուցիչ) - 7 մասնակիցները նվաճեցին 7 մեդալ, որոնցից 5-ը՝ ոսկի և երկու բրոնզե մեդալ: Հայաստանի բուհերը համարում են, որ Ժաուտիկովյան օլիմպիադաներում մեդալ շահածները կարող են առանց քննությունների ընդունվել համապատասխան մասնագիտությամբ ֆակուլտետներ:
Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացվող օլիմպիադային մասնակցել են 20 երկրի 1005 դպրոցական: 146 թիմից մերոնք բերել են տասը ոսկի, հինգ արծաթ, երկու բրոնզ: Ֆիզմաթ դպրոցում սովորող 17-ամյա Հակոբն ընկերների հետ պարապել, ֆիզիկայի փորձերն արել ու որոշել է՝ խնդիրները լուծել ու միջազգային մեդալի համար պայքարել:
Հակոբ Չախոյան (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի աշակերտ) - Արժանացել եմ արծաթե մեդալի: Կարծում եմ՝ այդքան էլ վատ չի առաջին անգամվա համար, բայց արդեն կպայքարեմ հաջորդ մրցույթի համար՝ ոսկու համար:
Ֆիզմաթ դպրոցը Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադային մասնակցում է ստեղծման օրվանից: 17 տարում շուրջ 100 մեդալ են նվաճել, ձեռքբերումներով մտադիր չեն բավարարվել, ասում են՝ իրենց ռեկորդները պետք է իրենք գերազանցեն:
Հայկազն Նավասարդյան (Ա. Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի տնօրեն) - Ամեն տարի հանդես ենք գալիս մեկ կամ երկու թիմով: Այս տարի աննախադեպ հաջողություններ արձանագրեցին մեր սաները՝ վաստակելով 5 ոսկի և 5 արծաթե մեդալ, մինչ այս մենք տարիների ընթացքում վաստակել էինք 7 ոսկի:
Միջազգային օլիմպիադայի բոլոր հաղթողները, նախարարության որոշմամբ, 12 ամիս կրթաթոշակ կստանան: Աշակերտներին նախարարության ֆինանսական խրախուսումը ոգևորել է, խոստանում են՝ ամենամեծ հաղթանակները դեռ առջևում են: