Խորհրդարանում քննարկվեց պատգամավոր Ռուստամ Բաքոյանի ներկայացրած՝ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Նախագծով առաջարկվում է ՀՀ-ում սահմանել Ազգային փոքրամասնությունների օր՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը:
«Ուսումնասիրելով միջազգային փորձը՝ փաստում ենք, որ աշխարհի տարբեր պետություններում, հիմք ընդունելով ՄԱԿ-ի հռչակագիրը, դեկտեմբերի 18-ն ընդունեցին որպես Ազգային փոքրամասնությունների օր: Օրինակ՝ Էստոնիայում սեպտեմբերի 24-ը նշվում է ազգային փոքրամասնությունների օր, իսկ Ռումինիայում ու Հնդկաստանում՝ դեկտեմբերի 18-ը»,- ասաց Բաքոյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ ՄԱԿ-ի 1966 թվականի քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 27-րդ հոդվածը հստակ ամրագրում է՝ այն երկրներում, որտեղ գոյություն ունեն ազգային փոքրամասնություններ, այդ փոքրամասնություններին պատկանող անձանց չի կարող մերժվել նույն խմբի այլ անդամների հետ համատեղ իրենց մշակույթից օգտվել ու իրենց կրոնը դավանելու և ծիսակատարություններ կատարելու, մայրենի լեզվից օգտվելու իրավունքը: Նշեց նաև, որ 1992 թվականի դեկտեմբերի 18-ին ՄԱԿ-ը հրապարակել է ազգային կամ էթնիկ կրոնական և լեզվական փոքրամասնություններին պատկանող անձանց իրավունքների մասին հռչակագիրը՝ հայտարարելով, որ պետությունները պետք է պաշտպանեն փոքրամասնությունների ազգային կամ էթնիկ կրոնական, մշակութային, լեզվական ինքնության գոյությունը:
Եզրափակիչ ելույթում արդեն Բաքոյանը նշեց, որ առաջարկվում է սեպտեմբերի վերջին շաբաթ օրը, որովհետև սեպտեմբերի վերջին և հոկտեմբերի սկզբին ազգային փոքրամասնությունները մշակութային փառատոն են անցկացնում, և շատ լավ առիթ էր, որ հենց սեպտեմբերի վերջին շաբաթ օրն անցկացվեր:
«Քանի որ մենք սեպտեմբերի 27-ին պատերազմ ենք ունեցել, գուցե առաջինից երկրորդ ընթերցում մեր գործընկերների հետ, նաև ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ քննարկենք սեպտեմբերի վերջին շաբաթ օրը հոկտեմբերի սկզբի շաբաթ օրվա հետ փոխարինելու հարցը»,- ասաց Բաքոյանը: