Շիրակի մարզի Աշոցք համայնքի դահուկասահքի կենտրոնն ընդունել էր Հայաստանի առաջնությունը, որը, ի դեպ, ընդգրկված է միջազգային ֆեդերացիայի վարկանիշային մրցաշարերի ցուցակում:
Մասնակիցները մրցեցին 5 և 10 կմ դասական և ազատ ոճերում: Մրցումային առաջին օրը առաջնության կանանց 5 կմ դասական ոճում ոսկե մեդալակիր դարձավ Կատյա Գալստյանը: Նրան հաջորդեցին Անգելինա Մուրադյանը և Նելլի Խաչատրյանը: Անգելինան, որը երկու տարի է ինչ սկսել է պրոֆեսիոնալ զբաղվել դահուկասահքով, գոհ է իր արդյունքից, քանի որ մրցել Կատյայի հետ դեռևս չի կարող, սակայն իր մեջ ուժեր գտավ մրցակցություն ապահովելու Նելլի Խաչատրյանին՝ երկրորդ հորիզոնականի համար պայքարում:
Կատյա Գալստյանը դեռևս լավագույն մարզավիճակում չէ: Մրցավազքում առաջին արդյունքը գրանցելուց հետո անգամ, շարունակում է մարզվել ու սահել, քանի դեռ չի մեկնարկել տղամարդկանց դասական ոճի 10 կմ մրցավազքը:
Տղամարդկանց 10 կմ դասական ոճում սպասելի հաղթանակ տոնեց Հայաստանի առաջատար դահուկորդ Միքայել Միքայելյանը: Արծաթե մեդալակիր դարձավ Թադևոս Պողոսյանը, իսկ բրոնզե մեդալը բաժին հասավ Սպարտակ Ոսկանյանին: Դեռևս մեկնարկից առաջ բոլորին պարզ էր՝ Միքայել Միքայելյանը պայքարից դուրս է:
Մրցումային երկրորդը օրը ձյան ուժեղ տեղումների պայմաններում, դահուկասահքի Հայաստանի առաջնության ազատ ոճում մեդալակիրները դասավորվեցին նույն հերթականությամբ: Կանանց 5 կմ-ում կրկին լավագույնը Կատյա Գալստյանն էր, իսկ Միքայել Միքայելյանն անհասանելի էր տղամարդկանց 10 կմ մրցատարածությունում:
Դահուկասահքի Հայաստանի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանի համոզմամբ տարեցտարի պայմաններն ու լուծումներն էլ ավելի են բարելավվում և նույն տեմպերը պահպանելու դեպքում հնարավոր է ակնկալել, որ ապագայում կարելի է անգամ միջազգային մրցաշարեր անցկացնել Աշոցքում:
Դահուկասահքի Հայաստանի առաջնությանը ներկայացուցչական մեծ թիմով էին Աշոցք եկել նաև Գյումրու մարզադպրոցի սաները: Առաջատարներին մրցակցություն ապահովել նրանք չկարողացան, սակայն մարզիկները տարեցտարի լավացնում են իրենց որակները:
Դահուկորդների մարզումային պայմանները ուղղակի կապված են եղանակի ու տեղումների քանակի հետ: Ցավոք, անգամ Աշոցքում ոչ միշտ է, որ ձմեռը բարեհաճ է գտնվում ու ապահովում դահուկասահքի երկրպագուներին ձյան սպիտակ շերտով, իսկ այն անհրաժեշտ է մարզումային նվազագույն պայմաններ ունենալու համար:
Հեղինակ՝ Գևորգ Ղազարյան