Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ազդարարում է «Արմաթն օդում» ծրագրի մեկնարկը: Հայաստանի ու Արցախի ավելի քան 60 քաղաքներում կհիմնեն կրթական կենտրոններ: Սաներին կսովորեցնեն անօդաչուների նախագծման ու պատրաստման, դրանց կառավարման ու տեխնիկական սպասարկման հմտություններ:
Պատերազմը ցույց տվեց, որ միայն ծրագրավորումը չի կարող հաջողություն բերել: Հիմա մասնագետների պատրաստման համազգային արշավ են սկսում:
Ծրագիրը կմեկնարկի ապրիլից: Առաջին փուլով 8 լաբորատորիա կբացեն Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական ուսումնարանում, Թալինում, Գավառում, Երևանում, Կապանում ու Ստեփանակերտում: Հաճախելու հնարավորություն կունենան ոչ միայն «Արմաթի» սաները, այլև 15-18 տարեկան բոլոր տղաներն ու աղջիկները:
Կսովորեն ռազմական անօդաչուների նախագծման ու կառավարման հմտություններ, կնախագծեն թռչող սարքեր, որոնք կօգտագործեն արտակարգ իրավիճակների դեպքում, գյուղատնտեսության, առողջապահության, պաշտպանության, առաքման ու քարտեզագրման ոլորտներում:
Ծրագիրը երջանկահիշատակ Կարեն Վարդանյանի երազանքն էր, հիմքը նա է դրել: Վարդանյան ընտանիքի նախաձեռնած՝ հոկտեմբերից մեկնարկած դրամահավաքին արդեն ավելի քան 600 մարդ է մասնակցել: Հաշվարկել են՝ 1 լաբորատորիայի բացման համար կպահանջվի 6.5 միլիոն դրամ:
Ի դեպ, հաջորդ տարի արդեն կբացվի առաջին տեխնոճամբարը:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան