Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին այցելել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարություն և հանդիպել կառույցի աշխատակիցների հետ։
Հարցուպատասխանի ձևաչափով քննարկվել են պատերազմի հետևանքներին, առկա մարտահրավերներին, անվտանգային երաշխիքներին ու անորոշություններին, ինչպես նաև տարբեր ոլորտներում պետական կառավարման համակարգի օղակների անելիքներին վերաբերող հարցեր՝ տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ ի լրումն նախապատերազմյան ժամանակաշրջանում առկա խնդիրներին և բնակչության կարիքներին՝ այսօր հայտնվել են շատ մեծ ծավալի նոր խնդիրներ ու կարիքներ:
Արցախի նախագահը շեշտել է, որ ակնկալում է պետական բոլոր կառույցների աշխատակիցներից առավելագույն քրտնաջան, պատասխանատու, հետևողական ու արդյունավետ աշխատանք:
Այդ համատեքստում նա հանձնարարել է նախարար Աշոտ Բախշիյանին կենտրոնացնել կառույցի աշխատակիցների ողջ ներուժը պատերազմի հետևանքներն արագ վերացնելու, բնակչության հրատապ կարիքները բավարարելու և տնտեսության վերականգնման ու զարգացման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ։