Խորհրդարանը քննարկեց «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հիշեցրեց, որ նախագծի նպատակը ճանապարհային երթևեկության ոլորտում կատարվող իրավախախտումների համար կիրառվող տուգանային միավորների համակարգի ամբողջական և պատշաճ գործարկումն է, ճանապարհային երթևեկության կանոնների հնարավոր խախտումների կանխարգելումն ու չարամտորեն կատարվող խախտումների դեպքում պատասխանատվության անխուսափելիության սկզբունքի երաշխավորումը:
«Օրինագծի ընդունման արդյունքում ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայողների կողմից արձանագրվող խախտումների համար տուգանային համակարգի կիրառումը կհետաձգվի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը: Մինչև այդ տուգանային միավորը՝ որպես վարչական տույժ, կիրառվելու է միայն տեսանկարահանող և լուսանկարահանող «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» օրենքով քննության ենթակա գործերով»,- նշեց Ֆիդանյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում կատարվել է փոփոխություն: Տրանսպորտային միջոցի վարորդի կողմից երթևեկության ժամանակ ծխախոտային արտադրատեսակ կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարկիչներ օգտագործելու համար սահմանվող 1 տուգանային միավորի փոխարեն սահմանվել է 0.5 միավոր՝ հաշվի առնելով նշված արարքի առավել նվազ վտանգավորությունը՝ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից նույն արարքը կատարելու համեմատությամբ: