Տներն այրելով Քաշաթաղից դուրս եկած որոշ ընտանիքներ սկսել են Արցախ վերադառնալ: Պատերազմից հետո կորցրած իրենց բնակավայրի փոխարեն այլ տեղ են գնում, նոր հասցե ու կացարան կունենան, բայց հարազատ հողում: Նման ցանկությամբ Հայաստանում ապաստանած քաշաթաղցիներից Երևանում գործող օպերատիվ շտաբն արդեն 50 դիմում է ստացել:
Միքայել Վիրաբյան, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական, ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող - Այս հունվարի առաջին օրերին 7 ընտանիք վերադարձել է, բնակություն հաստատել Ասկերանի շրջանի Բադարա գյուղում: Նրանց տրամադրվել է ազատ, հին բնակտարածություն՝ վերանորոգումից հետո, և այդ ընտանիքներն ապահովել են գույքով՝ Արցախի կառավարության կողմից:
Տեղահանված ընդհանուր՝ 93 300-ից ավելի արցախցուց քանի՞սն են մինչև հիմա վերադարձել, թիվն, ըստ Միքայել Վիրաբյանի, կա: Հնչեցնելու համար, սակայն, լրացուցիչ ճշգրտման կարիք ունեն, քանի որ անվճար ավտոբուսներով ու սեփական մեքենաներով մարդկանց տեղաշարժի ցուցանիշը պետք է համեմատեն նաև ծրագրերից ստացվող տվյալների հետ: Օրինակ, պարզվում է, օգնություններից մեկի համար Արցախի փոստը հայաստանյանից շատ վճարում է արել:
Միքայել Վիրաբյան - Ծրագիրն ավարտման փուլում է 68+15 ծրագիրը, 58-60 տոկոսն այդ գումարներն ստացել են Արցախի տարածքում:
Մյուս ծրագրերը դեռ ընթացքում են: Հայաստանում մնացող արցախցիների կեցությունն ու հագուստն ապահովելու հետ՝ կառավարությունն անցնում է նրանց նաև զբաղվածության հարցը լուծելուն: Գործատուի մոտ փորձի ուսուցման և վարձատրման նախագծով մոտ օրերին կսկսվի դիմումների ընդունումը՝ տեղեկացնում է Վիրաբյանը:
Միքայել Վիրաբյան - Այն քաղաքացիները, որ կդիմեն՝ կստանան կայուն եկամուտ՝ 100 հազար դրամ առանց հարկերի: Մյուս ծրագիրը հասարակական աշխատանքի վարձատրությունն է՝ յուրաքանչյուր քաղաքացու մեկանգամյա սկզբունքով՝ օրը 8000 դրամ, բայց այս դեպքում հարկերն ու սոցվճարը ներառված չէ:
Քաղաքացիների դժգոհությանը, թե 300 հազար դրամների ցուցակում իրենց անունը չկա, Միքայել Վիրաբյանը պարզաբանում է. տվյալները՝ Երևանի շտաբին տրամադրել են Արցախից, տեղերից գյուղապետ-քաղաքապետերն են ներկայացրել, թե որ ընտանիքիում քանի մարդ է եղել առնվազն 3 ամիս հաշվառված, ինչի հիման վրա էլ հաշվարկվում է ընտանիքի գումարը: Փողի չափը տարբերակված է նաև՝ տուն-տեղը մնացել է Ադրբեջանի վերահսկողության տա՞կ, թե՞ ոչ:
Միքայել Վիրաբյան - Թշնամու տիրապետության տակ է մնացել՝ ստանում են 300 000, եթե արցախյան են՝ 250 հազար դրամ:
Կարգավորվել է նաև երեխաների փաստաթղթերի հետ կապված էլեկտրոնային համակարգում ծագած հարցը, այնպես որ օգնությունը տեղ կհասնի՝ խնդիրների բախված արցախցիներին տեղեկացնում է Վիրաբյանը:
Միքայել Վիրաբյան - Ուզում եմ հանգստացնել այն քաղաքացիներին, որ հարցը լուծված, ու եթե հաղորդագրություն չեն ստացել դիմածները, լրացուցիչ ցուցակով դա ստանալու են:
Բոլոր ծրագերին զուգահեռ՝ քանի դեռ Արցախ վերադարձողների հոսք կա, կլինի նաև Երևանից Ստեփանակերտ գնացող անվճար ավտոբուսը: