ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ նիստում ներկայացրեց «ՀՀ-ում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր սահմանելու մասին» հայտարարության նախագիծն օրակարգ մտցնելու հարցը:
«Ակնհայտ է, որ այն բոլոր կետերը, որ այստեղ շարադրված են, մնացել են այնպես, ինչպես որ կան: Մենք պնդում էինք, որ երկրի թիվ 1 բանակցողը պետք է փոխվի, այլապես հայանպաստ որոշումների չենք կարող հանգել բանակցությունների ժամանակ:
Մյուս կետերով իշխանությունները որևէ քայլ չեն արել ներքին համերաշխության, հանդուրժողականության, միասնականության, սոցիալ-տնտեսական, առողջապահական, հումանիտար ճգնաժամերը հաղթահարելու համար: Քաղաքական ճգնաժամի հաղթահարումն է, որ պետք է սկիզբ դնի մյուս բոլոր ճգնաժամերի հաղթահարմանը: Քաղաքական ճգնաժամը ՀՀ-ում հաղթահարված չէ»,- նշեց Մարուքյանը՝ առաջարկելով կողմ քվեարկել, որ հարցը մտնի օրակարգ, և խորհրդարանը սկսի քննարկել երկրում ճգնաժամից դուրս գալու ճանապարհները:
Հիշեցնենք, որ ԱԺ պետաիրավական հանձնաժխողովում նախագիծը բացասական եզրակացություն էր ստացել: