Սահմանամերձ Այգեհովիտն այս պատերազմում 4 զինվոր է կորցրել: Տավուշցի Բլբուլյանների ընտանիքի զինվորը տուն դարձավ՝ վիրավոր: Վահագնը դեռ երկար է բուժվելու: Այս պատերազմից իր պատմություններն ունի, բայց չի խոսում: Ծնողներին ու փոքր եղբայրներին միայն հայրենասիրության դասեր է տալիս, հիշում՝ ինչպես էին ջուր հասցնում ընկերներին:
Ժամկետային զինծառայող Վահագնը 2 ամիս խաղաղ օրերի զինվոր եղավ, 7 օր` պատերազմի: Գնդացրորդ է, Մատաղիսում դժոխային մեկ շաբաթվա ամեն օրը հիմա մի դար է թվում: Եվ կռվում էր, և օգնում վիրավորներին, կրակի տակից հասցնում դուրս բերել զոհված ընկերներին: Վիրավորվել է պատերազմի 7-րդ օրը, արնաքամ լինող ընկերոջն ապահով վայր տեղափոխելիս.
Վահագն Բլբուլյան. ժամկետային զինծառայող. «Ընկել էր մոտս, չէր կարում առաջ էթար, ես արագաշարժ եմ մի քիչ, ես իրան հրել եմ փոսի մեջ, ես էլ թեքն եմ ընկել, ոտս վիրավորվել ա»:
Ջարդված, արյունահոսող ոտնաթաթը իր ձեռքով մի կերպ կապել, շարունակել է վիրավորներին օգնել, իսկ ինքը ճամփա ընկել ոտքով, մի քանի կմ; Ասում է` տաք-տաք էի, ցավ չէի զգում.
Վահագն Բլբուլյան. ժամկետային զինծառայող. «Տղերանցն ուղարկեցի, ես ոտքով իջա, ասի ես լավ եմ; ես կապել եմ իմ վերքը, բատինկան տրաքել ա, պրովոդով կապել եմ` նոր իջել»:
Երևանում ոտքը 2 անգամ վիրահատվել է, հիմա ապաքինվում է տանը;
Ռազմաճակատի օրերից դժվար ու քիչ է խոսում, ամենից շատ ջրին ծարաված տղերքին է հիշում.
Վահագն Բլբուլյան. ժամկետային զինծառայող . «Կրակի տակ էր, չէինք կարում գնանք, մութով էինք գնում,ես ու մի տղա կար, Դավո էր անունը, վազելու էինք գնում, արագաշարժ, ջուր բերողը մենք էինք»:
Սահմանային Այգեհովիտ գյուղի Բլբուլյանների ոչ մեծ, հին այս տանը 3 տղա է մեծանում; Վահագնը ավագն է; Հայրը հոկտեմբերի 3-ը չի մոռանա.
Վրեժ Բլբուլյան-Վահագնի հայրը- «Մեռած էի, թաղած չէի, Զանգեցին` որ Վահագդ վիրավոր ա, թե ոնց եմ հասել Երևան, ես էլ չեմ գիդում»:
Տունը կարգին նորոգել չենք հասցրել, երեխաներին ենք հազիվ մեծացրել, մի քիչ սրտնեղում, բայց իսկույն էլ տղաներով հպարտանում է: Ինքն էլ 90-ականներին մասնակցել է գյուղի ինքնապաշտպանությանը, բայց դա ուրիշ կռիվ էր , ասում է: Վահագնը այնքան էր շտապում զինվորի համազգեստ կրել, որ դպրոցական վերջին 2 տարին սովորել է << Տիգրան Մեծ>> ռազմամարզական վարժարանում; Հիմա էլ անհամբեր է, ուզում է շարք վերադառնալ, բայց լիովին ապաքինվելը դեռ հեռու է.
Վահագն Բլբուլյան. ժամկետային զինծառայող. «Եթե լավանամ, պտի էթամ ծառայեմ, ես կուզեմ ծառայեմ»:
Մինչ Վահագնը այդ օրվան է սպասում, միջնեկ եղբայրը` Ռազմիկը, պատրաստվում է դպրոցն ավարտելուն պես մեկնել ծառայության.
Ռազմիկ Բլբուլյան-Վահագնի եղբայրը. «Պետք ա ծառայենք, հայրենիքը պետք ա պաշտպանենք»:
Մայրը որդիների որոշումը միայն խրախուսում է.
Ալինա Գասպարյան-Վահագնի մայրը. «Ցանկացած հայ տղա պետք ա ծառայի իրա հայրենիքի համար; մենք շատ ուրախ ու հպարտ ենք, որ իմ տղեն իրա վիրավոր ընկերոջը փրկել ա ու ընկերոջ համար վիրավորվել»:
Մեծանում է նաև 3-րդ զինվորը, ճիշտ է, դեռ մեկ տարեկան է բայց միայն զինվորական երգերի տակ է պարում: