ԱԺ-ն քննարկում է ՀՀ դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Համահեղինակներից «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց՝ նախագիծը կոչված էր լրամշակելու դեռևս անցյալ տարեսկզբին ՀՀ կառավարության նախաձեռնած դատաիրավական բարեփոխումների փաթեթը:
«Գաղափարն էր, որ դատական իշխանության մեջ ղեկավար պաշտոնների նշանակման, նոր կադրերի ներառման տեսանկյունից մենք որոշակի ազատականացված մոտեցում պետք է դրսևորենք: Այդ ազատականացման դրսևորումները հանգեցրին նրան, որ ընդհանուր ստաժը իջեցվեց: Այն անհրաժեշտ էր դատական պաշտոն զբաղեցնելու համար, և վերացվեցին արհեստական խոչընդոտները, որոնք թույլ չէին տալիս այս կամ այն պարագայում պրոֆեսիոնալ կադրերին դատական իշխանության մեջ զբաղեցնել նաև դատարանի նախագահի, պալատի նախագահի պաշտոնները»,- ասաց Վարդանյանը:
Պատգամավորը հայտնեց, որ ուսումնասիրության ընթացքում պարզ է դարձել, որ, օրինակ, Վճռաբեկ դատարանի պալատների նախագահների պարագայում այդ արգելքը ամբողջությամբ չէին վերացրել:
«Պալատի նախագահ կարող է դառնալ միայն այն անձը, որը երեք տարվա փորձառություն ունի այդ պալատում: Առաջարկվող փոփոխությամբ դատարանի պալատի նախագահը կարող է դառնալ այն անձը, որը դատավորի ընդհանուր երեք տարվա փորձառություն ունի»,- ասաց Վարդանյանը: