Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի ծննդյան օրը ևս մեկ առիթ է՝ խոսելու գնդապետի զինվորական ուղու, սխրանքի մասին:
Գևորգ Մկրտչյան, ՀՀ ԶՈՒ ավագ սերժանտ - Համագյուղացի ենք, հերոս է, որպես ընկեր, որպես հրամանատար, որպես զինակից ընկեր:
Անսպասելի ու մեծ է կորուստը նաև զինակից ընկերոջ համար: Վահագն Ասատրյանի համար բանակն ու հայրենիքն առաջին տեղում էին:
Հրայր Աթոյան, Հայաստանի ազգային հերոս Վահագն Ասատրյանի զինակից ընկերը - Խիստ էր, բարի, բոլորի համար ընկեր: Ամեն խնդրով ապրում էր:
Գնդապետ Ասատրյանը ռազմական հինգ բուհ է ավարտել, ղեկավարել ստորաբաժանումներ: Սովորել է նաև Մոնթե Մելքոնյան ռազմական ուսումնարանում: Գնդապետի համար Մոնթեն զինվորական հրամանատարի բացարձակ կերպար էր: Նորօրյա հերոսը հանգչում է Զորավար Անդրանիկի, Մոնթեի ու Սպարապետ Վազգեն Սարգսյանի շիրիմների մոտ:
Հրայր Աթոյան - Վազգեն Սարգսյանի հետ մոտ է եղել: Երբ գալիս էր, առաջինը Մոնթեին, հետո Վազգեն Սարգսյանին էր այցելում: Միշտ եղել է առաջնագծում, երբ գնում էինք մարտական հենակետ, խրամատի աշխատանքներն ինքն էր հսկում:
Վահագն Ասատրյանի հրամանատարությամբ գործող ստորաբաժանումը 44-օրյա պատերազմում մասնակցել է մի շարք մարտական գործողությունների: Նախ Օմարում, ապա Մեխակավանում ու Հադրութում գնդապետ Ասատրյանն անզիջում պայքարել է թշնամու դեմ:
Զինվորական ծնողի մասին որդին դժվարանում է խոսել: Շարունակում է զարմիկը, որ մշտապես եղել է մորեղբոր ուշադրության կենտրոնում:
Լաուրա Մանուկյան - Օրը տոն էր դարձնում, ամեն դետալին ուշադիր: Անհամբեր սպասում էի, չեմ հավատում, որ հիմա այսպես եմ խոսում:
Զինակից ընկերը վստահ է՝ ունենալով գնդապետ Ասատրյանի նման հրամանատարներ՝ հայրենիքի պաշտպանության համար պատրաստ տղաներն այսօր էլ քիչ չեն. հենց նրանք էլ շարունակելու են հերոսի անավարտ գործը: