Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ջաբրայիլի և Որոտանի (Կուբաթլու) հատվածներից հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն:
Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը տեղեկացրել է.
«Զոհված զինծառայողներից 2-ի աճյունները գտնվել են Ջաբրայիլում: Նրանց մարմիններն անճանաչելի են, և նշանակվել է փորձաքննություն՝ պարզելու ինքնությունը:
Որոտանի հատվածում հայտնաբերված զինծառայողի՝ Արսեն Մամիկոնյանի ինքնությունը ճանաչել է որոնողական խմբի ուղեկցողը:
Ընդհանուր առմամբ՝ որոնողական աշխատանքների ընթացքում առայսօր հայտնաբերվել են 1238 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ: Այսօր որոնումներ են իրականացվում Ֆիզուլու, Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով»,- մանրամասնել է Թադևոսյանը։