«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի որոշմամբ՝ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան չորս տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում է ստացել:
Նշենք, որ ՃԿՊԱ-ն 2017-ին արդեն ստացել էր պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովի 2021 թվականի հունվարի 15-ի նիստում քննարկվել է հիմնադրամի փորձագետների արտաքին գնահատման փորձագիտական զեկույցը, որում ներկայացվել են նախորդ հավատարմագրումից հետո ՃԿՊԱ-ում գրանցված զարգացումները՝ ի՞նչ քայլեր են ձեռնարկվել փորձագիտական խմբի նախորդ զեկույցում մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել: Ըստ այդմ՝ որոշվել է ճգնաժամային կառավարման պետական ակադեմիային չորս տարով ինստիտուցիոնալ հավատարմագրում տալ:
Ի դեպ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան 2017-ին հավատարմագրման ժամկետի ավարտին՝ 2019 թվականին դիմել էր վերահավատարմագրվելու համար: ԲՈՒՀ-ի բարելավման պլանով նախատեսված են այնպիսի ծրագրեր (միջազգային կապերի ընդլայնում, դասախոսների և ուսանողների փոխանակումներ, գիտահետազոտական աշխատանքներ, լաբորատորիաների ստեղծում և այլն), որոնք թույլ կտան հավատարմագրվել վեց տարով: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսված են: