Ճապոնիայի խորհրդարանում ծրագրային ելույթ է ունեցել վարչապետ Յոսիհիդե Սուգան: Նա նշել է, որ ձգտելու է զարգացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, այդ թվում՝ լուծել տարածքային խնդիրը՝ հայտնում է РИА Новости-ն:
Ճապոնիան հավակնում է Հարավային Կուրիլներին՝ դրանք անվանելով «իր հյուսիսային տարածքները»:
«Անհրաժեշտ է վերջ տալ հյուսիսային տարածքների խնդրին և այն չթողնել գալիք սերունդներին»,- ասել է վարչապետը: Նա շեշտել է, որ Տոկիոն ձգտելու է հասնել ճապոնա-ռուսական հարաբերությունների լիարժեք զարգացմանը՝ ներառյալ խաղաղության պայմանագրի կնքումը: Բայց Սուգան ճապոնական դիվանագիտության հիմքը, այնուամենայնիվ, համարել է ԱՄՆ-ի հետ դաշնակցային հարաբերությունները: Նա խոստովանել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ հանդիպել նորընտիր նախագահ Ջո Բայդենի հետ: