Մեկ շաբաթից կրթության միջազգային օրն է, որ նշվելու է արդեն երրորդ անգամ։ Այս տարի կրթության միջազգային օրվա համար ընտրված թեման է՝ վերականգնել և վերապրեցնել կրթությունը COVID-19 սերնդի համար։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:
«Օրվա գլոբալ միջոցառումը կենտրոնացած է լինելու երեք հիմնական ուղղություններով՝ ֆինանսավորում, նորարարություններ և կրթական հերոսներ։ Օրվա շրջանակներում երկրների կողմից համաձայնեցված հռչակագրի նախագծի կարևոր կետերից է կրթության բյուջեների պաշտպանությունը՝ նպատակ ունենալով, չնայած դժվարություններին, առնվազն չկրճատել կրթությանն ուղղվող ֆինանսավորումը։
Համավարակը վտանգեց շուրջ 1,6 միլիարդ սովորողների կրթությունը։ Երկրների կողմից կիրառված հեռավար ուսուցման ձևաչափերն առավել զգալի դարձրեցին, այսպես կոչված, թվային խզումը, որի հետևանքով սովորողների շուրջ մեկ երրորդը հնարավորություն չունեցավ մասնակցել առցանց կրթությանը։ Այսօր էլ շուրջ 318 միլիոն սովորող զրկված է դպրոց հաճախելու հնարավորությունից, ևս շուրջ 643 մլն սովորողների դեպքում կրթական համակարգերը մասնակիորեն են վերսկսել աշխատանքը։
Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ այս սերնդի կորուստը եկամուտների մակարդակում կկազմի շուրջ 10 տրիլիոն ԱՄՆ դոլարին համարժեք գումար, հմտությունների, սոցիալ-հոգեբանական, այլ ուղղություններով երեխաների զարգացմանը հասցված վնասը շատ ավելի խորն է ու բազմաշերտ։ Այս է պատճառը, որ չնայած համավարակի նոր ալիքներին, երկրների մի մասը գերադասում է չփակել ուսումնական հաստատությունները, նույնիսկ եթե այլ գործունեության որոշ տեսակներ սահմանափակումներ են ունենում։
Հայաստանն այն քիչ երկրներից է, որտեղ առկա ուսուցումը հիմնական ծավալով վերականգնված է։ Այս պայմաններում կրթական համակարգի աշխատանքը ձեռք է բերում կենսական նշանակություն»,- գրել է Անդրեասյանը։