Ադրբեջանի նախագահը շարունակում է ամեն օր հայերի նկատմամբ խոր ատելություն պարունակող տեղեկատվություն սփռել՝ ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ մանրամասնելով, որ դա հայատյացության քաղաքականության պետական մակարդակի դրսևորում է:
Պատգամավորը հիշեցրեց, որ ՀՀ կառավարությունը 2 ամիս առաջ իրավական գործընթաց է սկսել Ադրբեջանի դեմ ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի շրջանակներում: Ըստ նրա՝ հայատյաց քաղաքականությունը պետք է դատապարտվի և ավարտվի:
«Սա կարևորագույն քայլ է և ողջունելի է: Զուգահեռ՝ իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչներն այնպիսի հայտարարություններ են անում, որոնք ուղղակի հակասում են Կառավարության սկսած իրավական գործընթացին, որը մեր դեմ է օգտագործվելու: Մենք էս հարցը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում պետք է բարձրացնենք, բայց երբ որ Կառավարության ներկայացուցիչը կամ պատգամավորը կանգնում ու ասում է, որ մենք պատրաստվում ենք Ադրբեջանի հետ սահմանները բացել, առևտուր անել, փող աշխատել, սա մեր դատական պրոցեսին հակասում է և մեր դեմ է օգտագործվելու շատ շուտով»,- նշեց Սիմոնյանը՝ հորդորելով ուշադիր լինել թեմայի շուրջ կատարված հանրային հայտարարությունների ժամանակ: