Ռուսաստանը ցանկանում է ջանքեր գործադրել հայ գերիների վերադարձի հարցը վերջնականապես փակելու համար: Գերիների հարցը պետք է դիտարկել «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքի համատեքստում: 2020 թվականն ամփոփող ասուլիսում հայտարարեց Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը: Սերգեյ Լավրովի խոսքով՝ գերիների հարցում սկզբում ամենամեծ խնդիրներն ունեցել են հայերը։
Սերգեյ Լավրով, ՌԴ ԱԳ նախարար - Հայկական կողմից ռազմագերիների ցուցակները միանգամից և ամբողջությամբ չէին ներկայացվել։ Եվ, արդյունքում, փոխանակվեցին նրանք, որոնք մասնակից էին նոյեմբերի 9-ին ավարտված իրադարձություններին։ Բայց հիմա գլխավորը դարձել է այն հարցը, որը ծագել է դեկտեմբերին՝ Հադրութի շրջանում, երբ այնտեղ ուղարկված հայ զինծառայողների մեծ մասը գերի է ընկել՝ 62 հոգի: Ադրբեջանական կողմը հայտարարել է, քանի որ այդ մարդիկ զինադադարից հետո են տեղափոխվել այդ շրջան, ապա նրանց պետք է դիտարկել առանձին կարգով։ Ես և նախագահ Պուտինն, այնուամենայնիվ, առաջ ենք տանում հարցի քննարկումը շարունակելու անհրաժեշտությունը, որպեսզի այն փակվի և առաջնորդվենք «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով:
Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը խոսել է հայ գործընկերոջ հետ՝ վերջնական ցուցակները ճշտելու նպատակով։ Սակայն պարզվել է, որ գերիները 62-ից շատ ավելին են։ Այժմ ցուցակները ճշտվում են, որպեսզի հասկանան, թե որտե՞ղ կարող են գտնվել այդ մարդիկ: Հարցը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի ու Ադրբեջանի նախագահի հեռախոսազրույցներում, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ Լավրովի զրույցներում:
Սերգեյ Լավրով - Եթե չլինեին խաղաղապահներ, ապա այն ավելի դժվար կլիներ լուծել։ Բայց խաղաղապահները դրանով զբաղվում են։ Ռուսական զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովը շարունակում է կապի մեջ մնալ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ: Այժմ մեր զինվորականները հայկական և ադրբեջանական ԶՈւ-երի հետ համեմատում են ցուցակները:
Ըստ Լավրովի, կարգավիճակի հարցը պետք է դիտարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդության շրջանակներում:
Սերգեյ Լավրով - Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը գիտակցաբար չի հիշատակվել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ Կարգավիճակի խնդիրը հակասական է, և որոշվել է հարցը շրջանցել և թողնել ապագային: Խաղաղապահ առաքելություն իրականացնող տարածքը խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի է։ Մենք դա ենք հիմք ընդունում՝ Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում։ Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության կազմակերպման, մարդասիրական աջակցության մանրամասները:
Նախարարի կարծիքով ՝ համայնքների կյանքի շուտափույթ կարգավորումը թույլ կտա ավելի արագ լուծել Արցախի կարգավիճակի հարցը: Ռուսաստանը շահագրգռված է, որ միջազգային կազմակերպությունները՝ ներառյալ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, աշխատեն Ղարաբաղում՝ օգնություն ցուցաբերելով տեղի բնակչությանը, սակայն օգնության քննարկման ընթացքում առաջանում են կարգավիճակի շուրջ հակասությունների հետ կապված հարցեր: Հենց այդ հակասությունների պատճառով էլ Երևանի և Բաքվի միջև որոշվեց երեք առաջնորդների կողմից շրջանցել այդ հարցը՝ մանրամասնում է Լավրովը: Նա էկզոտիկ է համարում Ռուսաստանի կազմում Ղարաբաղի հնարավոր ընդգրկման մասին խոսակցությունները:
Սերգեյ Լավրով - Հասկանում եմ Ղարաբաղի անկախությունը ոչ մեկի կողմից չի ճանաչվել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության: Ռուսաստանը միտք չունի Ղարաբաղն իր կազմում ներառել: Տարածաշրջանի բոլոր հարցերը պետք է լուծվեն այստեղ գտնվող երկրների և, առաջին հերթին, Հայաստանի ու Ադրբեջանի միջև: Մենք կշարունակենք օգնել Հայաստանին և Ադրբեջանին այնպիսի լուծում գտնելու հարցում, որը կապահովի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը տարածաշրջանում:
Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը ոչ մի գաղտնի հավելված չունի: Լեռնային Ղարաբաղը Հայաստանից կտրելու հարց երբեք չի առաջացել՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Սերգեյ Լավրով - Հայաստանի կապը Ղարաբաղի հետ ոչ ոք երբեք չի ժխտել, տասնամյակներ շարունակ բանակցությունների ողջ ընթացքում երբեք հարց չի եղել, որ Հայաստանը և Ղարաբաղը կտրվեն միմյանցից։ Եվ հենց այդ պատճառով Լաչինի միջանցքը, որպես հայեցակարգ, ոչ ոք չի մերժել, և այն նախկինի պես կողմերի համաձայնության առարկա է, ներառյալ մեր ադրբեջանցի հարևանների համաձայնությունը:
Ռուսաստանն այժմ շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ձևավորման հարցում: Ռուսաստանի ԱԳ նախարարն անարդյունավետ է համարում երկուստեք Ղարաբաղի վերաբերյալ զգացմունքային հայտարարությունները. հիշատակում է «նոր պատերազմ, նոր տարածքներ» խոսքը, որ նյութական ուժ ստացավ: Ռուսաստանը հույս ունի, որ զգացմունքները երկրորդ պլան կմղվեն: