ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը խորհրդարանին ներկայացրեց «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
«Նախագծերի փաթեթով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիմնական իրավասությունը լինելու է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված ենթադրյալ կոռուպցիոն հանցագործությունների միջդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իրականացումը:
Միաժամանակ քրեական վարույթ նախաձեռնելու հարցի լուծման նպատակով Հակակոռուպցիոն կոմիտեն օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքով սահմանված կարգով իրականացնելու է օպերատիվ հետախուզական գործունեություն:
Կոմիտեի մասնագիտական կազմը համալրվելու է համապատասխան մասնագիտական պատրաստում անցած կադրերի ներգրավման եղանակով: Ընդ որում` Կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքների և գործիքակազմի փոխանցումը չի կրելու մեխանիկական բնույթ: Հակակոռուպցիոն կոմիտեի կազմում նշանակումները, այդ թվում՝ ղեկավար կազմի, կատարվելու են բաց մրցույթի արդյունքում»,-ասաց Բադասյանը:
Բադասյանը նշեց, որ կոմիտեի ծառայողների համար, ի տարբերություն այլ քննչական մարմինների ծառայողների, սահմանված են առավել խիստ պահանջեր և սահմանափակումներ, ըստ այդմ՝ նախատեսված են գործունեության լրացուցիչ երաշխիքներ:
«Սա պայմանավորված է մի քանի հանգամանքով. նախ կոմիտեն իրականացնում է կոռուպցիոն հանցագործությունների քննություն, որն ինքնըստինքյան ունի բարձր ռիսկայնություն, երկրորդ՝ կոմիտեի ծառայողների վարձատրությունը ուղղակիորեն հանդիսանում է վերջինիս անկախության և անկաշկանդ գործելու երաշխիքներից մեկը»,- ասաց Բադասյանը:
Ինչու՞ է ավելի բարձր աշխատավարձ նախատեսվում հարցին՝ Բադասյանը նշեց, որ պատճառն ավելի խիստ պահանջներն են՝ առնվազն մեկ օտար լեզվի պարտադիր իմացություն, քանի որ ակնկալում են պետությանը միլիոնավոր դոլարների վնաս հասցրած անձանց գործի քննություն և նման պրոֆեսիոնալիզմ ու ուժեղ քննադատության թիրախում հայտնվելու հավանականություն, դրա համար էլ նախատեսում են այնպիսի աշխատավարձ, որը բխում է տվյալ աշխատանքն անելու էությունից:
Նախագծով սահմանված են նաև կոմիտեի գործունեության թափանցիկության և հաշվետվողականությանն ուղղված կարգավորումներ: