ԱՀ պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված դրամական աջակցության տրամադրման գործընթացում առկա խնդիրներին: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Պետական նախարարը նշել է, որ ԱՀ կառավարությունը Արցախյան վերջին պատերազմի ժամանակ առաջացած սոցիալական դժվարությունները հաղթահարելու համար նախատեսված դրամական աջակցությունը տրամադրելու համար կիրառելու է այլընտրանքային միջոցներ: Գործընթացը դյուրացնելու համար, մասնավորապես, կմեծանա «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերության ներգրավվածությունը:
Ծրագրային անհրաժեշտ բազան ապահովելուց և կազմակերպչական աշխատանքներն իրականացնելուց հետո սոցիալական աջակցության ծրագրերի, այդ թվում՝ առաջիկա ամիսներին նախատեսվող 68 000-ական դրամների վճարումները կիրականացվեն կապի օպերատորի սպասարկման սրահներում: Քննարկվում է նաև գումարը քարտային հաշվին փոխանցելու հնարավորությունը: «Արցախփոստ» ընկերությունը նույնպես շարունակելու է աջակցության գումարների տրամադրման գործընթացը:
Հերթերից խուսափելու համար առաջիկայում իրականացվելու է նաև կենսաթոշակի, նպաստի վճարումը փոստատարների կողմից հասցեական առաքման միջոցով:
Խորհրդակցությանը մասնակցել են աշխատանքների համակարգման համար իրավասու մարմիների պատասխանատուներ և ներկայացուցիչներ: