Մեծանուն հայ կոմպոզիտոր, դաշնակահար, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանի 100-ամյակը կնշանավորվի մի շարք միջոցառումներով:
Հունվարի 22-ին՝ մեծանուն կոմպոզիտորի ծննդյան օրը, ժամը 11:00-ին, Երևանի կենտրոնական գերեզմանատանը ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները, մտավորականները և երաժշտասեր հասարակայնությունը հարգանքի տուրք կմատուցի կոմպոզիտորի հիշատակին:
Ժամը 13:00-ին Առնո Բաբաջանյանի արձանին հարակից տարածքում տեղի կունենա կոմպոզիտորի հիշատակին նվիրված ծաղիկների խոնարհման արարողություն, որին կհաջորդի համերգային ծրագիր՝ կազմված կոմպոզիտորի ստեղծագործություններից:
Ծրագրում կներկայացվի Ա. Բաբաջանյանի «Վոկալիզ» (Ալ. Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի Արծվիկ Դեմուրճյան, նվագակցող՝ Արմեն Աղաջանյան) և «Благодарю тебя» երգի մշակումը (ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Արմեն Բաբախանյան): Միջոցառման ընթացքում «Մեկնարկ» տաղանդի զարգացման նպատակային ծրագրի միջազգային մրցույթների դափնեկիրները հանդես կգան Բաբաջանյանի «Նոկտյուրն» (դաշնակահար՝ Արմեն Պուչինյան) և «Մեղեդի» (դաշնակահար՝ Արթուր Գրիգորյան) ստեղծագործությունների կատարմամբ:
Նույն օրը՝ ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում կկայանա համերգ՝ նվիրված Առնո Բաբաջանյանի հոբելյանին:
Տեղեկացնենք, որ ստեղծվել է Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումները համակարգող կառավարական հանձնաժողով՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի ղեկավարությամբ: