Ազգային ժողովի 7-րդ գումարման 6-րդ նստաշրջանի մեկնարկը տրվեց իշխանական և ընդդիմադիր պատգամավորների բուռն բանավեճով: Նախ իշխող մեծամասնությունը դեմ քվեարկեց հանձնաժողովներում բացասական եզրակացություն ստացած «Լուսավոր Հայաստանի» երեք նախագծերն օրակարգ ներառելուն, ապա ամբիոնից հնչեցին իշխանությանն ուղղված մեղադրանքներ: Ընդդիմադիրների գնահատմամբ՝ պատերազմից հետո երկրում հրատապ լուծում պահանջող հարցերի փոխարեն իշխանությունը կեղծ օրակարգով է զբաղված:
Նաիրա Զոհրաբյան, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր - Դուք փորձում եք կեղծ օրակարգերով շեղել հանրության ուշադրությունը: Այդ մարդն ի վիճակի չէ ադեկվատ բանակցություններ վարելու:
Արփի Դավոյան, «Իմ քայլը» խմբակության պատգամավոր - Այո, ես հաստատում եմ, որ մենք ունենք լրջագույն խնդիրներ և այդ խնդիրների անունն է ընդդիրմություն:
Երկրորդ ընթերցմամբ մի շարք հարցերի քննարկումն ավարտելուց հետո արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատգամավորներին ներկայացրեց դատական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունները: Հակակոռուպցիոն բարեփոխումներից բխող հերթական քայլ՝ Բադասյանն այսպես հիմնավորեց մասնագիտացված դատարան ունենալու կառավարության մտադրությունը: Հակակոռուպցիոն և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների ստեղծմամբ՝ կապովվի կոռուպցիոն բնույթի գործերով մասնագիտացված քննություն:
Կգործեն դատարանների դատավորների նշանակման խիստ սահմանափակումներ: Դատավոր չի կարող նշանակվել վերջին 5 տարում կարգապահական պատասխանատվության ենթարկված անձը, և սա դեռ ամենը չէ. կգործեն դատավորների բարեվարքության ստուգման բոլոր մեխանիզմները: Ընդդիմադիրները մի շարք մտահոգություններ ունեն: Սոցիալական ծանր պայմաններում պետությունն ինչքա՞ն կծախսի դատարանների ստեղծման համար: Նախարարը պարզաբանեց՝ Եվրամիության տրամադրած 9 միլիոն եվրոյի աջակցությունը պետք է ծախսվի բառացապես արդարադատության ոլորտում: «Լուսավոր Հայաստանից» այլ խնդիրներն էլ են մատնանշում՝ մասնագիտացված դատարանների դատավորների համար նախատեսված բարձր աշխատավարձը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում:
Փոփոխությունները կոսմետիկ բնույթի են՝ կարծիք հայտնեց պատգամավոր Արման Բաբաջանյանը: ըստ նրա՝ առաջին ատյանի և Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանների ձևավորման համար դատավորների թեկնածուների ընտրության չափանիշները վերանայված չեն:
Կառավարությունը նախատեսում է ստեղծել նաև նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե, որի իրավասությունը լինելու է ենթադրյալ կոռուպցիոն հանցագործութուններով մինչդատական քրեական վարույթի կազմակերպումն ու իիրականացումը: Քննչական նոր մարմնի ղեկավարն ու անդամներն ընտրվելու են բաց մրցույթով: Աշխատավարձն այդ դեպքում ևս ավելի բարձր է լինելու քննչական մյուս մարմինների աշխատակիցների համեմատ: Քննարկված նախագծերը քվեարկության կդրվեն վաղը: