Մի ընտանիքի պատմություն՝ երկու պատերազմի մասին. իրար շատ նման ու նույնքան ողբերգական: Արցախյան առաջին պատերազմում՝ 92-ին, ընտանիքի հայրը՝ Վլադիմիր Ամիրջանյանը զոհվեց: 2020-ին, կարծես ճակատագրի հեգնանքով, նույն պայմաններում, հոր նույն տարիքում զոհվեց ընտանիքի կրտսեր որդին՝ Հայկը: Ավագ որդին՝ Կիմը, հիմա բուժում է պատերազմի վերքերը, որ նորից իր զորքին միանա:
Չարաբաստիկ ռումբի ձայնը հավերժ բաժանեց տիկին Առլետային որդուց՝ Հայկից: Երբ ամբողջ գյուղը դատարկվել էր, ոչ մի րոպե ոտքը տնից չի հանել, վստահ էր՝ զինվոր որդիները՝ Հայկն ու Կիմը, վերադառանալու են տուն: Թշնամու վայրագություններին ի պատասխան՝ որդիների սիրելի ուտեստներն էր պատրաստում, որ գալուն պես սեղան գցի: Հադրութի շրջանի Ակնաղբյուր գյուղի իրենց տանը սեղան այլևս չդրվեց, իսկ այդ տան հետ բազում պլաններ ուներ որդին. խոստացել էր՝ տունը հենց նորոգի, ճերմակ զգեստով հարսնացուն չի ուշանա:
Ռազմի դաշտում էլ Հայկը թշնամու դեմ կռվում ոչ մի րոպե միտքը՝ գյուղում թողած մորից չէր կտրում: Որդու խնդրանքով մորը մեկ օրով ընկերները՝ իբր ավելի ապահով Թաղլար գյուղ էին տեղափոխել: Հայկին նեղացնել չէր ուզում, բայց նրան տանը պետք է սպասեր: Որդու անհանգստությանը վերջապես տեղի տվեց, որդիների սիրելի ուտեստներն ընկերների միջոցով ուղարկեց ու հարազատ գյուղը վերջինը լքեց:
Առլետա Ամիրջանյան - Զանգեցի Հայկին, հարցրեցի՝ ո՞նց ես: Ասաց՝ լավ եմ, դու անջատիի, ինձ որ հարմարր լինի, կզանգեմ: Մինչև օրս սպասում եմ զանգին:
Տիկին Առլետան որդիներին միայնակ է մեծացրել, Հայկը 2 տարեկան չկար, երբ հայրը զոհվեց 92 թվականին: Վլադիմիրը Ռուսաստանից բերված և գյուղի միակ մեքենայով՝ Ուրալով, զենք էր հասցնում դիրքեր: Գյուղից դեպի Դուդուկչի՝ Կավաքավանք տանող բարձունքի ճանապարհին էլ թշնամին թիրախավորեց զենքով բեռնված լի մեքենան:
Որդու մարմինը ճանաչելու համար 2 ամսից ավելի են սպասել: Մայրն աղոթում էր՝ ամուսնու մահվան օրը չճանաչեն որդուն, այդքան զուգադիպության ու ճակատագրի հեգնանքին ինքն ի զորու չէր դիմանալ:
Հայկի մեծ եղբայրը՝ Կիմը, Հադրութի պաշտպանության 11-րդ վաշտի հրամանատարն է: Կյանքի 17 տարին հայրենիքի ծառայությանն է նվիրել: Պատերազմի մասին դժվարությամբ է խոսում, օրերն անցնելուն պես հասկանում էին, սա ոչ 90-ականների, ոչ ապրիլյան, սա այլ պատերազմ է:
Օրեր շարունակ իր տղաների հետ, որոնց նա երեխեք է ասում, թշնամու դեմ կռիվ տվեցին, հետո ականի պայթյունից վիրավորվել և Երևան է տեղափոխել: Բայց վստահեցնում է՝ տան կորուստը, մարմնի բեկորներն իրեն հետ չեն պահելու:
Ամիրջանյանների այսօրվա հասցեն Եռաբլուրն է՝ իրենց եղբայրը, որդին, ընկերները, հարազատները, վաշտի տղաները, գյուղակիցները, բոլորն այնտեղ անմահների բարձունքն են գրավել: