ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ հեռավար ասուլիսի ընթացքում ամփոփել է 2020-ը: Պատասխանելով Ադրբեջանի հանրային հեռուստաընկերության լրագրողի հարցին, թե ինչո՞ւ են ՀՀ պաշտոնյաները, առանց Ադրբեջանի թույլտվության, այցելում Արցախ, և արդյոք ՌԴ խաղաղապահ զորախումբն ինչպե՞ս է կարգավորելու այդ հարցը, և որքանո՞վ է Բաքվի բարձրացրած հարցը հաշվի առնվել, Լավրովն ասել է.
«Բոլոր պայմանավորվածություններում, առաջին հերթին՝ նոյեմբերի 9-ի պայմանավորվածություններում, ամրագրված է կողմերի համաձայնություն առ այն, որ ՀՀ և ԼՂ միջև կապը պետք է ապահովվի ցամաքային ուղիներով, այդ թվում՝ Լաչինի միջանցքով, որը պետք է վերահսկեն ռուս խաղաղապահները: Երբեք որևէ մեկը չի հերքել Ղարաբաղի և Հայաստանի կապը: Բանակցությունների տևողության տասնամյակների ընթացքում երբեք չի քննարկվել ԼՂ-ն և Հայաստանը միմյանցից «կտրելու» հարցը: Հենց այդ պատճառով էլ Լաչինի միջանցքը, որպես հայեցակարգ, որևէ մեկը չի ժխտել: Այն շարունակում է մնալ համաձայնության ենթակա թեմա, այդ թվում՝ մեր ադրբեջանցի հարևանների կողմից:
Ի հավելումն նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունների, ըստ որոնց՝ Լաչինի միջանցքին զուգահեռ, որն ունենալու է նոր երթուղի, պետք է անցկացվի նաև վստահելի և մշտական կապ Ադրբեջանի հիմնական տարածքի արևմտայն շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև: Դա ամրագրված է երկրների ղեկավարների պայմանավորվածություններում:
Եթե մենք համաձայն ենք,- իսկ բոլորն են համաձայն, որ Հայաստանի հայերի և Ղարաբաղի հայերի միջև պետք է կապ լինի,- ես պատճառ չեմ տեսնում, որոնց հիման վրա պետք է խոչընդոտել այդ մակարդակում իրականացվող շփումներին: ՀՀ պաշտոնյաները ԼՂ-ում ընդգրված են հումանիտար հարցերի լուծման մեջ, ինչը որևէ բացասական զգացմունք չի առաջացնում Բաքվում: Եվ տարօրինակ կլիներ, եթե դա այլ կերպ լիներ: Իսկ այն, որ ՀՀ պաշտոնյաները ԼՂ-ում քաղաքական հայտարարություններ են կատարում, դա, թերևս, լարվածություն է առաջացնում: Կարծում եմ՝ ավելի լավ կլիներ խուսափել դրանից:
Մենք տեսանք թե 44-օրյա պատերազմից առաջ քաղաքական գործիչների զգացմունքային հայտարարությունները Ղարաբաղից կամ Ղարաբաղի թեմայով ինչ հետևանքներ ունեցան: Օրինակ՝ «Նոր պատերազմ, նոր տարածքներ» արտահայտությունը: Գիտեք՝ խոսքերը նյութականանալու հատկություն ունեն: Տվյալ դեպքում դրանք նյութականացան բացասական ուժով: Այդ պատճառով մենք հիմա մեծ ուշադրություն ենք դարձնում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության միջև շփումների հաստատմանը, վստահության մթնոլորտի ձևավորմանը, և հենց այդ ամենն էր Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև հանդիպումների իմաստը: Հույս ունեմ, որ զգացմունքները երկրորդ պլան կմղվեն:
Նույն առումով էլ կարծում եմ, որ այս փուլում այժմ լավագույն ժամանակը չէ՝ որպես առաջնահերթություն սահմանել ԼՂ կարգավիճակի հարցը: Այն պետք է թողնել ապագային:
Ես երաշխավորում եմ, որ Ռուսաստանի խաղաղապահների պատասխանատվության գոտին,- իսկ հիմա կարգավիճակը գործնականում հենց այդպիսին է,- այն ձևաչափն է, որը կապահովի և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերի շահերը: Կարգավիճակին դեռ կվերադառնանք: Ես արդեն նշել եմ, որ գործում են նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները: Կարգավիճակի վերաբերյալ պետք է Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացվեն կոնկրետ, իրավական և հանդարտ քննարկումներ՝ այն հիմքով, որն անհրաժեշտ է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների բարիդրացիության համար»: