«Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի», «Պետական նպաստների» մասին օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը 39 կողմ, 74 դեմ ձայներով չընդգրկվեց ԱԺ նստաշրջանի օրակարգ:
«Գործող իրավակարգավորումներով՝ առնվազն 3-4 ամիս հետո ընտանիքի անդամները գերության մեջ հայտնված քաղաքացիների համար կարող են ստանալ պետական որևէ աջակցություն: Ի տարբերություն սրա՝ օրինակ, ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողի կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի հատուցման մասին օրենքում գործում է մեր առաջարկած սկզբուքնով, այսինքն՝ տրվում է նպաստը, աջակցությունը, քանի դեռ չի ապացուցվել հակառակը: Սրան գումարած՝ Կառավարության որոշակի որոշումներով տրվում են փոխհատուցումներ, բայց այդ որոշումները գործում են միայն այս պատերազմի համար: Այսինքն՝ այն քաղաքացիները, որոնք հայտնվել են գերության մեջ ամսի 9-ից հետո, երբ համարվում է, որ պատերազմն ավարտվել է, նրանք որևէ հնարավորություն չեն ունենալու ստանալու տվյալ պետաջակցությունը»,- ներկայացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ նշելով, որ առաջարկում են՝ քաղաքացիները, որոնք հայտնվել են գերության մեջ կամ համարվում են անհետ կորած՝ ընտանիքներին տրամադրել 200 հազար դրամ պետական աջակցություն, իսկ քաղաքացիական անձանց համար Կառավարությունը կսահմանի ուղղակի նպաստ:
Նախագծի հարակից զեկուցող, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեն Մկրտչյանն ասաց, որ նախագիծը սոցիալական երաշխիքների ապահովության առումով կարևոր է, սակայն Կառավարության կողմից արդեն իսկ սահմանված են համապատասխան սոցապահովության երաշխիքներ: Նշեց, որ հանձնաժողովի նիստից առաջ ու հետո կապ են հաստատել ՊՆ-ի հետ և համոզվել, որ մեխանիզմը պատշաճ կերպով աշխատում է: