Աննա Գրիգորյանին, որը մանդատը վերցնելուց հետո դուրս է եկել «Իմ քայլը» խմբակցությունից և պատգամավորական գործունեությունը սկսում է որպես անկախ պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն անձնապես չի ճանաչում, նրա հետ չի աշխատել, ուստի գործընկեր համարել չի կարող:
Լրագրողների հետ ճեպազրույցում Սիմոնյանը նշեց, որ «Իմ քայլի» մանդատը մեկ միասնական մանդատ է, որն առաջնահերթ տրվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «Երբ դու հայտարարում ես, որ առանձնանում ես, դուրս ես գալիս, պետք է հասկանաս, որ քո լեգիտիմությունը որպես պատգամավոր այդքան էլ վստահելի չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ «Իմ քայլը» լքած պատգամավորները լեգիտիմության խնդիր ունեն:
Դիտարկմանը ի պատասխան, թե Գրիգորյանը, որպես ռեյտինգային թեկնածու, Սյունիքի մարզում մոտ 5000 ձայն է հավաքել, Սիմոնյանը նշեց, որ շատ քիչ մարդիկ կան, որոնց հանրությունը ճանաչել է ընտրությունից առաջ և նրանց ընտրել է անձնական, այլ ոչ թիմային պատճառներով: «Երբ մենք միասին ենք, գործում ենք որպես թիմ, երբ առանձնանում ենք, հայտ ենք ներկայացնում, որ մենք այլևս չենք տեսնում մեր ճանապարհն այդ թիմի, ուրեմն ինքնուրույն դեռ շատ բան ունենք ապացուցելու»,- ընդգծեց ԱԺ փոխնախագահը:
Նրա խոսքով՝ խմբակցությունը լքած բոլոր պատգամավորների քայլը սպասելի է եղել, քանի որ նրանց հետ անհամաձայնություններ եղել են դեռևս մինչպատերազմական իրավիճակը: «Մենք չենք անհանգստանում, կարծում եմ՝ նրանք անհանգստանալու բան ունեն: Իշխանությունն առաջարկում է արտահերթ ընտրություններ անցկացնել, բայց ընդդիմախոսները համաձայն չեն, քանի որ գիտակցում են, որ չեն ընտրվելու: Մենք շարունակում ենք Սահմանադրական մեծամասնություն ունենալ խորհրդարանում, և այդ առումով որևէ մտահոգություն չկա»,- նշեց Ալեն Սիմոնյանը: