Իսպանիայի սուպերգավաթի եզրափակիչում իրենց հաշիվները պարզեցին «Բարսելոնան» և «Ատլետիկը»։
Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի 40-րդ րոպեին։ Կատալոնական թիմին առաջ մղեց Անտուան Գրիզմանը։ Երկու րոպե անց Օսկար դե Մարկոսը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։
77-րդ րոպեին Գրիզմանը դուբլ գրանցեց՝ դարձյալ առաջ մղելով իր թիմին։ Թվում էր՝ «Բարսելոնան» հիմնական ժամանակում կհաղթի մրցակցին, սակայն 90-րդ րոպեին «Ատլետիկը» հավասարեցրեց հաշիվը։ Ասիեր Վիլյալիբրեն գրավեց Մարկ Անդրե Տեր Շտեգենի դարպասը՝ խաղը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։
«Ատլետիկը» գերազանց սկսեց լրացուցիչ առաջին կեսը։ 94-րդ րոպեին Ինյակի Ուիլյամսը ֆանտաստիկ հարվածով գրավեց «Բարսելոնայի» դարպասը։ 120-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ Լիոնել Մեսսին։
«Ատլետիկը» հաղթեց 3-2 հաշվով ու երրորդ անգամ իր պատմության մեջ նվաճեց Իսպանիայի սուպերգավաթը։