ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ամենամյա ամփոփիչ ասուլիսի առանցքային թեմաներից մեկը եղել է ԼՂ հարցի կարգավորումը: Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, պատասխանելով Արցախի կարգավիճակի վերաբերյալ հայկական ԶԼՄ-ների հարցին, ասել է.
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը սկսել է արդյունավետ իրագործվել: Դա հաստատել են նախագահ Ալիևը և վարչապետ Փաշինյանը: Բացի գերիների հարցով իմ նշած խնդրից, որը, կրկնեմ, առաջացել է հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մնացած ամեն ինչ իրագործվում է բավական արդյունավետ: Այժմ ընթանում է խաղաղապահների մանդատի համաձայնեցման գործընթացը. այն պետք է համաձայնեցվի 3 կողմերի հետ էլ: Դրա մասին խոսվել է հունվարի 11-ի մոսկովյան հանդիպման ընթացքում: Հայտարարության հետ կապված որևէ հավելված չկա:
Ղարաբաղի կարգավիճակը չի հիշատակվում նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Դա գիտակցաբար է արվել: Խաղաղապահների տեղակայման տարածքը համարվում է նրանց պատասխանատվության գոտի: Հենց այդ փաստի վրա էլ մենք հիմնվում ենք Երևանի և Բաքվի հետ մեր շփումներում:
Այժմ մշակվում են տրանսպորտային հաղորդակցության, խաղաղապահների մատակարարման և այնտեղ ապրող մարդկանց օգնության տրամադրման հետ կապված նրբություններն ու մանրամասները: Հայաստանից արդեն 50 հազարից ավելի մարդ վերադարձել է: Մենք նաև հակված ենք, որ Կարմիր խաչից բացի՝ նաև միջազգային մյուս կազմակերպությունները, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կառույցները՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գրասենյակը, հումանիտար հարցերով կազմակերպությունը, ներկա լինեն տարածաշրջանում: Նրանք հիմա Բաքվի և Երևանի հետ քննարկում են առաքելության հարցերը: Քննարկումներն ընդգրկում են նաև կարգավիճակի հարցի վերաբերյալ հակասությունները: Հենց այն պատճառով, որ կարգավիճակը հակասություններ է առաջացնում Երևանի և Բաքվի դիրքորոշումներում, երեք առաջնորդները որոշեցին շրջանցել այդ հարցը և թողնել այն ապագային:
Դրանով պետք է զբաղվի նաև ԵԱՀԿ ՄԽ-ն: Նրանք արդեն վերականգնել են կողմերի հետ շփումները, նախատեսում են ևս մեկ այց կատարել տարածաշրջան: Կարգավիճակի հարցն ավելի հեշտ կլուծվի, եթե իրականացվեն կողմերի ստանձնած բոլոր հայտարարությունները և պարտավորությունները, որոնք առնչվում են բոլոր էթնիկ և կրոնական համայնքների բարիդրացիական և համակեցության ապահովմանը:
ԼՂ-ն ՌԴ կազմում ընդգրկելու էկզոտիկ մտքի մասին ասեմ՝ այն չի ճանաչվել ոչ ոքի կողմից, այդ թվում՝ Հայաստանի: Մենք նման միտք չունենք, մեր մոտեցումն այն է, որ կարգավիճակի հարցը պետք է լուծվի երկրների, առաջին հերթին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Մենք պատրաստ կլինենք այնպիսի լուծման որոնմանը և ընդունմանը, որը կապահովի տարածաշրջանի խաղաղությունը, կայունությունը և անվտանգությունը, և որ ամենակարևորն է՝ այն մարդկանց անվտանգությունը, ովքեր այստեղ ապրել են միշտ և ապրելու են նաև այսուհետ»: