Իրանի իշխանություններն ամերիկացի գործարար, ծագումով իրանցի Էմադ Շարգիին մեղադրել են լրտեսության համար և դատապարտել 10 տարվա ազատազրկման, տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով ամերիկյան լրատվամիջոցներին:
ԱՄՆ 56-ամյա քաղաքացի Էմադ Շարգիին 2020 թվականի նոյեմբերի 30-ին կանչել են Թեհրանի դատարան և տեղեկացրել մեղադրանքի մասին: Դատավճիռը կայացվել է առանց դատի: Գործարարը Իրանում կալանքի տակ գտնվող ԱՄՆ չորրորդ քաղաքացին է:
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ Թեհրանի նման գործողությունները կարող են բացասաբար ազդել Իրանի հետ հարաբերությունները կարգավորելուն ուղղված ԱՄՆ նորընտիր նախագահի ծրագրերի վրա:
2020 թվականի դեկտեմբերի սկզբին Բայդենը հայտարարել էր, որ մտադիր է Վաշինգտոնը վերադարձնել իրանական միջուկային ծրագրի համաձայնագրին: