Եզդիական մշակույթում նոր էջ բացվեց՝ այս անգամ թատրոնի լեզվով։ Մշակութային օջախը կկրի մնջախաղի վարպետ Արսեն Փոլադովի անունը։ Առաջին՝ «Կռիվ և սերը» ներկայացումը նախօրեին էր. այն 44-օրյա պատերազմի և զոհված 15 եզդիների մասին է։ Սիրած աղջկան թողնելով, եզդի կամավորը պատերազմ է գնում, ծանր վիրավորվում և զինակից ընկերոջ օգնությամբ դուրս գալիս կրակի տակից։ Ընկերոջ կերպարը մարմնավորող Ամարը պատերազմի առաջին կամավորներից է։
Ամար Մամոյան- Եթե ես չտեսնեի այդ ամենը՝ էմոցիայով չէի խաղա։
Անժելան էլ թատրոնի ամենաերիտասարդ դերասանուհին է։ Եզդի աղջկա ընկերուհիները զարմացել են՝ իմանալով, որ բեմ է բարձրանալու։
Անժելա Շաղոյան- Ես համարձակություն ունեցա, կարողացա մասնակցել։
Թատրոնի հիմնադիրը «Եզդիների կողքին» նախաձեռնությունն է, որի ղեկավարից հսկայական ջանքեր են պահանջվել դերասանական խումբ հավաքելու համար։ Գրետա Ալեքսանյանը շրջել է եզդիաբնակ գյուղերում, տուն առ տուն մտել, ներկայացրել ծրագիրը։
Գրետա Ալեքսանյան- «Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր- Ցանկություն ունեցա գնալ եզդիաբնակ Ֆերիկ համայնք, փնտրել ու գտնել դերասաններին։ Հիմնականում երիտասարդների հետ հանգիպելով՝ գտա։
Երիտասարդներից բացի թատերախմբում է նաև զինվորի մոր կերպարը մարմնավորող եզդի բանաստեղծուհի Անահիտ Շառոևը։ Չնայած ամիսներ առաջ տեղի ունեցած անձնական ողբերգությանը՝ համաձայնել է բեմ բարձրանալ, ներկայացնել եզդի կնոջ հավաքական կերպարն ու իր օրինակով ճանապարհ հարթել երիտասարդ եզդիների համար։
Անահիտ Շառոև- Եզդի բանաստեղծուհի - Կոտրված էր սիրտս, բայց ուժ գտա մեջս, ասեցի՝ էս կոտրված սրտովս պետք կարծրատիպը կոտրեմ։ Պիտի բարձրանամ բեմ, մանավորնդ որ պատերազմ ենք խաղում, մոր կերպարը։ Երազում եմ, որ իմ ազգն էլ ունենա մշակույթ, մենք էլ երևանք․
Եզդիները ժամանակին ներկայացումներ ունեցել են, բայց սա ազգային թատրոն հիմնելու առաջին փորձն է։ Մի քանի ռոմանտիկի ջանքերով Էջմիածնում ստեղծված աշխարհի միակ եզդիական թատրոնը դեռ երկար ճանապարհ է անցնելու։ Առաջին՝ ամենադժվար և ամենակարևոր քայլն արված է։ Բեմում եզդի աղջիկներն ու տղաներն են, դահլիճում նրանց համագյուղացիներն ու ընտանիքի անդամները՝ ծափահարություններով։ Սիրողական դերասանների խաղն այնքան զգայական էր, որ նույնիսկ թարգմանության կարիք չկար։
Մուրադ Ջանիբեկյան- ՀՀ վաստակավոր արտիստ- Երկար տարիներ եզդի ազգը նման բան չի արել, սա ակիզբ է, որ ազգը խոսի նաև մշակույթի լեզվով։+4,11-Աշխարհում ոչ մի տեղ նրանք բեմ չեն բարձրացել՝ որպես ազգ իրենց ներկայացնելու, այստեղ դա արեցին։
Դերասանները վարպետության դասեր են անցել բեմադրիչ Գևորգ Բաբախանյանի մոտ։ Քրտնաջան աշխատանքով ձեռքբերումները պետք է շարունակական լինեն,- ասում է ԿԳՄՍ փոխնախարարը։ Արա Խզմալյանը վստահ է՝ այս ներկայացմամբ պետք է նոր արահետ բացվի դեպի ազգային փոքրամասնությունների թատերական միջավայր։
Արա Խզմալյան- ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ- Ցուցադրելով այս ներկայացումը տարբեր համայնքներում, կարող ենք թատերական մշակույթը խրախուսու գործընթաց սկսել: Սա պետք է ունենա շարունակականություն, մեր խնդիրն է ապահովել այդ ընթացքը և այդ ամենը ներմուծել ազգային փոքրամասնությունների շրջանակ։
Ներկայացմանը հրավիրված էին Արսեն Փոլադովի ազգականներն ու ընկերները։ Ռուբեն Հախվերդյանն իր ընկերոջ մասին խոսելիս չկարողացավ թաքցնել հուզմունքը։
Ռուբեն Հախվերդյան-Երգահան- Արսենն իր լռությամբ ավելի շատ բան կարող էր ասել, քան խոսելով։
Փոլադովի անվան եզդիական թատրոնը գործում է Մաչանենց կենտրոնում։ Ունի կայուն խաղացանկ։ Փետրվարի 1-ից էլ հանդես կգա նոր ներկայացումներով։