ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը հայազգի Հայկ Հաջինազարյանին կնշանակի Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցության վարչության ղեկավար` նշվում է ԱՄՆ նորընտիր նախագահի ու փոխնախագահի համատեղ հաղորդագրության մեջ: Ի՞նչ նախապատրաստություններ են ԱՄՆ-ում ՝ 46-րդ նախագահի երդմնակալությանն ընդառաջ:
Այս պարիսպները կոտրելը գրեթե անհնար է՝ դրանք հատուկ մետաղից են ու ամրացված են ապահով մեխանիզմներով: ԱՄՆ 46-րդ նախագահի երդմնակալությունից առաջ՝ արդեն մի քանի օր է, Վաշինգտոնն իրավապահ մարմինների գերուշադրության կենտրոնում է: Կապիտոլիումի հարակից փողոցներով երթևեկող բոլոր մեքենաներն անխտիր ստուգվում են. բազմաթիվ փողոցներ այսօրվանից փակ են տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Իշխանությունը Վաշինգտոնում անվտանգության աննախադեպ միջոցառումներ է հաստատել: ԱՄՆ Ազգային գվարդիայի մամուլի ծառայությունը հաստատել է՝ ավելի քան 25 հազար մարտիկ կտեղակայվի Վաշինգտոնում՝ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության ընթացքում կարգուկանոն պահպանելու համար: Ազգային գվարդիան օգնություն կցուցաբերի ԱՄՆ գաղտնի ծառայությանը, որն էլ պատասխանատու է միջոցառման անվտանգության համար: Գվարդիայի ներկայացուցիչների հետ հանդիպել ու նրանց շնորհակալություն է հայտնել ԱՄՆ ներկայիս փոխնախագահը:
Մայք Փենս, ԱՄՆ փոխնախագահ - Շնորհակալ եմ, որ այս կարևոր պահին դուք ստանձնել եք երկրի անվտանգության ապահովման հարցը:
Գվարդիայի մարտիկները պատրաստ են լուծելու ցանկացած առաջադրանք՝ երկրի անվտանգությունն ապահովելու և քաղաքացիներին հնարավոր անկարգություններից հետ պահելու համար:
Կին զինվորական - Մենք գիտակցում ենք սպասվող օրերի ծանրությունն ու նաև գիտենք, թե ինչ վտանգների միջոց կարող ենք անցնել:
Վաշինգտոնում իշխանության հաստատած անվտանգության աննախադեպ միջոցառումներին են միացել գործարարները: Իրենց սրճարանները, խանութներն ու տները պաշտպանելու համար մարդիկ փայտե կաղապարներով փակում են մուտքերը: Երդմնակալությունից հետո դեռ մի քանի օր փակ կլինեն Վաշինգտոնի տեսարժան վայրերը, հայտնի կառույցները:
Մուրիել Բոուսեր, Վաշինգտոնի քաղաքապետ - Վաշինգտոնը պատրաստվում է հունվարի 20-ին. նախորդ անկարգությունները հաշվի առնելով՝ սա լուրջ փորձություն է մեզ համար: Մենք հիմա կենտրոնացել ենք հունվարի 20 ամսաթվի վրա, բայց ուզում եմ հայտարարել, որ ուժեղացված անվտանգությունն ու մեր զգոնությունը պահանջվելու է նաև երդմնակալության օրից հետո:
Իսկ մինչև երդմնակալության օրը Վաշինգտոնի իշխանությունը նպատակ ունի ամբողջությամբ վերականգնել անկարգությունների հետևանքները: Կոնգրեսի շենքի ներսում աշխատում է մասնագետների մեծ խումբ:
Մետաղական պարիսպների, փշալարերի ու զինտեխնիկայի կողքին՝ Վաշինգտոնի փողոցներում մարդիկ շարունակում են ծաղիկներ խոնարհել հունվարի 6-ի անկարգությունների ընթացքում զոհվածների հիշատակի անկյուններում: Վաշինգտոնյան անվտանգության խստացումներն արդարացված են՝ կարծում են սպանվածներից Էշլի Բաբիթի եղբայրները: Այն, ինչ տեղի է ունեցել իրենց հարազատի հետ, չպետք է կրկնվի: Հարզատները շարունակում են մեղադրել Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով ստանձնել ողբերգության ամբողջ պատասխանատվությունը:
Էնդրյու Վիտթոֆթ, Էշլի Բաբիթի եղբայրը - Առանց այդ մեկ ելույթի, ես վստահ եմ, որ քույրս հիմա կենդանի կլիներ: Նա հավատում էր Դոնալդ Թրամփին ու լսեց նրա կոչը:
Կապիտոլիումի անկարգություների ընթացքում իր հետ կատարվածի ու իր ապրածի մասին է պատմել ցուցարարների հարձակմանը ենթարկված ոստիկանը: Տղամարդը խոստովանում է՝ «Սպանեք դրան իր իսկ զենքով» կոչը մինչև հիմա ականջից դուրս չի գալիս:
Մայքլ Ֆանոնե, Վաշինգտոնի ոստիկանության աշխատակից - Նրանք վերցրին ատրճանակս, ու սկսեցին ծաղրել ինձ, ամեն վայրկյանը կարող էր վերջինը լինել ինձ համար: Նրանք նման էին խելագարների: Հետո ես ասացի, որ ընտանիք և երեխաներ ունեմ: Ինձ տանջելուց հետո որոշ մարդիկ, նկատեցի, որ պաշտպանեցին ինձ և մյուսներին թույլ չվեցին սպանել ինձ: Նման բան չպիտի այլևս կրնվի, մենք պետք է այլևս թույլ չտանք:
Ինչպես կանցնի երդմնակալության արարողությունը՝ միայն կանխատեսումներ ու սպասումներ են: Վաշինգտոնը պատրաստ է դիմավորել ԱՄՆ 46-րդ նախագահին ու փոխնախագահին: