Արարատի մարզում ուղևորափոխադրում իրականացնող ընկերությունները բարձրացրել են ուղեվարձը: Այսօր բողոքի ակցիա են կազմակերպել բնակիչները, պնդել, որ բարձացումն ապօրինի է: Բացի այդ էլ պահանջում են սպասարկման որակի բարելավում՝ ուղեվարձի գնին համապատասխան:
Ուղեվարձը բարձրացել է, բայց ինչո՞ւ չի բարելավվում սպասարկման որակը: Արարատի մարզի բնակիչները բողոքն է ընդդեմ ապօրինի թանկացման: «Գնի դեմ որակ» նախաձեռնությունն Արտաշատի ավտոկայարանում՝ պաստառներով, քաղաքացիներին իրազեկում և կոչ է անում վճարել նախկին գինը: Չվացուցակը կանոնավոր չէ, նստատեղերը հիմնականում ջարդված են, չեն տաքացվում սրահները:
Արփինե Խաչատրյան, «Գնի դեմ որակ» նախաձեռնության անդամ - Ուղեվարձերի մի մասը տենդերի սահմանում է բարձրացել, մի մասը՝ տենդերից դուրս:
Նախաձեռնության անդամների հավաստմամբ՝ մրցույթով չի սահմանվել, բայց ավելացել է 451 համարի Արտաշատ-Երևան, 453 համարի Արարատ-Երևան ավտոբուսների, Դվին-Երևան, Վեդի-Երևան և Գետազատ-Երևան միկրոավտոբուսների ուղևորավարձը: Օրինակ, Դվին-Երևան, Գետազատ-Երևան ուղղությունների համար մրցույթով ահմանվել է 250 դրամ, բայց վարորդները քաղաքացիներից պահանջում են 300 դրամ ուղեվարձ: Օրեր առաջ ականատեսն են եղել նաև միջադեպի, երբ ուղևորները հին գինն են վճարել:
Արփինե Խաչատրյան - Վարորդը փակել է դռները, ասել է՝ չեք իջնի, զանգել է դիսպետչերին, հետո երկուսով շանտաժ են արել, որ չեն աշխատի:
Մարզը սպասարկում է երեք ընկերություն: «Գալակտիկա տրանս» ընկերության ավտոբուսային Երևան-Արարատ երթուղին 400-ից դարձել է 500 դրամ: «Լիգա» ընկերության Դիվին-Երևան ավտոբուսից, Գետազատ-Երևան միկրոավտուբուսից օգտվողները 250 դրամի փոխարեն ստիպված են վճարել 300 դրամ: Մասիս-Երևան երթուղին 150-ից դարձել է 200: Արարատի մարզի երթուղիների սպասարկման առյուծի բաժինն իրականացնում է Լիգա ՍՊԸ-ն, որը մամուլի հրապարակումների համաձայն՝ պատկանում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:
Արփինե Խաչատրյան - Այս ավտոկայանը Լիգայի սեփականությունն է, նույնիսկ այստեղ կայանելու համար չեն վճարում, Արտաշատ ավտոբուսները այստեղ կայանելու համար գումար են վճարում:
Լիգա ընկերության հետ կապվել չհաջողվեց: Ավտոկայանում նրանց ներկայացուցիչը չկար, համացանցում հրապարակված համարը գոյություն չուներ: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հանդիպել է Արարատի միջմարզային և ներմարզային երթուղիները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչների հետ։ Նկատողություն են տվել՝ փոխադրավարձի ապօրինի բարձրացման և հինգ օր ժամանակ՝ խախտումները շտկելու համար:
Անժելիկա Ջամալյան, «Գնի դեմ որակ» նախաձեռնության անդամ - Այս ընթացքում, որ ժամանակ են տվել, խախտումը չեն վերացրել, հակառակը՝ կրկին 300 դրամ են պահանջել:
Նախաձեռնության անդամները նամակ են պատրաստել, կուղարկեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, որտեղ ներկայացրել են ամբողջ պատկերը; Կսպասեն պատասխանի, հետո պատրաստ են համատեղ լուծումներ գտնել՝ հարմար գնի և որակյալ սպասարկման համար: