ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հանդիպել է Հայաստանի ադամանդագործության և ոսկերչական ընկերությունների ներկայացուցիչների հետ ADM Dimonds ադամանդագործական ընկերությունում՝ շարունակելու այդ ոլորտներում կուտակված խնդիրների համատեղ քննարկումը։ Այս մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Քննարկումից առաջ ADM Dimonds ընկերության հիմնադիր-տնօրեն Արտակ Բաղիկյանը նախարարին և հանդիպման մյուս մասնակիցներին ծանոթացրել է ընկերության արտադրական պրոցեսներին և շենքի պայմաններին, որն ուներ նաև հաշմանդամություն ունեցող աշխատակիցների համար հարմարեցված հատված։
Օրակարգում ընդգրկված էին ադամանդագործության, ոսկերչության ոլորտներում, ինչպես նաև գունավոր քարերի արտադրության մեջ նախապես գույքագրված խնդիրները և առաջարկվող լուծումները։
Հանդիպման մասնակիցները միակարծիք էին, որ Հայաստանում ադամանդագործության և ոսկերչության ոլորտները զարգացնելու համար անհրաժեշտ է միավորել պետության և ոլորտի ընկերությունների ջանքերը։