«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր Վանաձորում էր: Մինչև իր քաղաքական օրակարգը վանաձորցիներին ներկայացնելը, լրագրողների հետ զրույցում Մանուկյանն ասել է, որ երեկվա արտահայտությունների համար չի զղջում, պնդել է, թե այդ մարդիկ արժանի էին:
Վազգեն Մանուկյան, «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու - Այդ մարդիկ խայտառակում են գյումրեցու անունը, կիսով չափ գյումրեցի եմ, մայրս գյումրեցի է: Իսկական Գյումրին այն Գյումրին է, որը դահլիճներ է լցնում: Դա կազմակերպված էր, նույնիսկ գիտեմ՝ ով է կազմակերպել: Մեր բակում անօթևան շիշ հավաքող կա, ինձ ասաց՝ պարոն Մանուկյան, ինչո՞ւ եք մեզ վիրավորել՝ այդ տականքներին մեզ հետ համեմատելով:
Ազատան համայնքի տարածքում երեկ մի խումբ շիրակցիներ փակել էին Գյումրի-Երևան մայրուղին՝ փորձելով արգելել «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի մուտքը Գյումրի, որից հետո Մանուկյանը ցույցի մասնակիցների հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել:
Իշխան Սաղաթելյան, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ - Պետք է երկրում հաստատի հասարարական համերաշխություն, վերջ դնի թշնամանքին, ատելությանը, արագ ձեռնամուխ լինի հայրենիքի պաշտպանությանը, երկիրն անտեր է:
«Հայրենիքի փրկության շարժման համակարգող» Իշխան Սաղաթելյանը վանաձորցիներին էր ներկայացնում իրենց քաղաքական թիմի տեսլականը՝ հավաստիացնելով՝ դեմ են հասարակության պառակտմանը: Պահանաջում են, որ կառավարությունը հրաժարական տա, Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ ձևավորվի ժամանակավոր կառավարություն:
Իշխան Սաղաթելյան - Կառավարությունը պետք է լինի պրոֆեսիոնալների կառավարություն՝ իրենց գործին գիտակ, կազմակերպված մարդկանց համախմբում:
Ըստ Իշխան Սաղաթելյանի, կառավարությունը շատ արագ պետք է հարաբերությունները կարգավորի ռազմավարական դաշնակիցների հետ, քայլեր ձեռնարկի նաև սահմանների պաշտպանության ու անվտանգության համար: Վազգեն Մանուկյանի համոզմամբ էլ՝ գործող կառավարությունը մի շարք բացթողումներ է ունեցել պատերազմից առաջ ու դրանից հետո:
Վազգեն Մանուկյանը պատասխանել է նաև վանաձորցիների հարցերին, որից հետո շարժման անդամները եղել են առաջնորդարանում՝ հանդիպելով Գուգարաց թեմի նորանշանակ սրբազան Տեր Հովնան Եպիսկոպոս Հակոբյանի հետ: