2021 թվականի հունվարից ուժի մեջ է մտել նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների թափուր տեղի համալրման մրցութային կարգը՝ տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Համաձայն նոր կարգավորման` քոլեջներում և ուսումնարաններում առարկաները (մոդուլները) դասավանդող մանկավարժի` դասախոսի (բացառությամբ` զինվորական ղեկավարի), ինչպես նաև արտադրական ուսուցման վարպետի, թափուր տեղը համալրվելու է մրցույթով: Նմանօրինակ կարգավորում նախկինում չի եղել:
Մրցույթի հայտարարում և կազմակերպում
Մրցույթ հայտարարվում է միայն մանկավարժի թափուր տեղ առաջանալու դեպքում և հետևյալ ընթացակարգով.
-
Թափուր տեղ առաջանալու օրվանից հետո 7-օրյա ժամկետում, իսկ նախապես թափուր տեղ առաջանալու օրը հստակ իմանալու դեպքում, ոչ շուտ, քան այն առաջանալուց մեկ ամիս առաջ տրվում է մրցույթի հայտարարություն:
-
Հաստատության տնօրենը թափուր տեղ առաջանալու մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է պետական լիազորված մարմնին` այդ մասին տեղեկատվությունը vetarmenia.am կայքէջում տեղադրելու նպատակով:
-
Մրցույթի հայտարարությունը հրապարակվում է «Կրթություն» շաբաթաթերթում կամ տեղական մամուլում, առկայության դեպքում՝ նաև հաստատության կայքէջերում: Այդ մասին տեղեկատվություն է տրվում նաև տվյալ տարածքի զբաղվածության ծառայությանը:
-
Հայտարարության տեքստում նշվում են հաստատության և թափուր տեղի անվանումը, աշխատանքային ծանրաբեռնվածությունը, պետական կրթական չափորոշչով մանկավարժի համար սահմանված պահանջները, ինչպես նաև փաստաթղթերի ցանկը, փաստաթղթերի ընդունման և մրցույթի անցկացման վայրը և ժամանակահատվածը:
-
Փաստաթղթերն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվանից սկսած 10 աշխատանքային օրվա ընթացքում:
-
Մրցույթը չկայանալու դեպքում, անկախ պատճառներից, թափուր տեղը լրացնելու համար պարբերաբար (մրցույթը չկայանալու օրվանից հետո մեկ շաբաթվա ընթացքում) տրվում է նոր հայտարարություն` մինչև հաղթող ճանաչվելը:
-
Թափուր տեղ առաջանալու դեպքում տնօրենը դասաժամերը տրամադրում է նույն հաստատությունում տվյալ առարկան (մոդուլը) դասավանդող կամ համապատասխան որակավորում ունեցող մանկավարժին` պահպանելով աշխատողի ծանրաբեռնվածության առավելագույն ծավալը չգերազանցելու պայմանը: Համապատասխան մանկավարժ չլինելու դեպքում մինչև մրցույթի կայանալը աշխատանքի կարող է ընդունել սահմանված պահանջներին բավարարող անձի` որոշակի ժամկետային պայմանագրով:
-
Մրցույթին կարող է մասնակցել այն անձը, որը հանրակրթական առարկաների դասավանդման դեպքում համապատասխանում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին, իսկ մասնագիտական առարկաների դեպքում` տվյալ մասնագիտության պետական կրթական չափորոշչով սահմանված պահանջներին:
Պահանջվող փաստաթղթեր
Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`
-
դիմում, որի ձևը սահմանված է կարգով,
-
կրթությունը հավաստող փաստաթուղթ` դիպլոմ (բնօրինակը և պատճենը),
-
անձնագիր (բնօրինակը և պատճենը),
-
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք (առկայության դեպքում),
-
ինքնակենսագրություն (ձևը սահմանված է կարգով),
-
լուսանկար` 3 x 4 չափսի,
-
այլ պետությունների քաղաքացիները` ՀՀ-ում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ, բացառությամբ` միջազգային պայմանագրերով աշխատանքի թույլտվություն ստանալու պահանջից ազատված օտարերկրացիների,
-
ՀՀ արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ (բնօրինակը և պատճենը),
-
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական աստիճան, կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում),
-
mրցույթին մասնակցելու իրավունք չունեն դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված, մանկավարժական գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկված, մանկավարժական գործունեության կատարմանը խոչընդոտող հիվանդությամբ (ցանկը սահմանված է ՀՀ կառավարության կողմից) տառապող անձինք, ինչպես նաև նրանք, ում դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ (բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար):
Մրցութային հանձնաժողով
Մրցույթի օրվանից առնվազն 3 օր առաջ տնօրենը ձևավորում է մրցութային հանձնաժողով` 5 անդամից բաղկացած: Հանձնաժողովում պարտադիր ընդգրկվում են` տնօրենը, որը նաև հանձնաժողովի նախագահն է, տնօրենի ուսումնական գծով տեղակալը, բաժնի կամ ամբիոնի վարիչը (առկայության դեպքում), հաստատության խորհրդի նախագահը կամ նրա համաձայնությամբ` խորհրդի անդամներից մեկը` բացառությամբ խորհրդի կազմում ներառված ուսանողներից և մանկավարժներից: Տնօրենը հանձնաժողովի ամբողջական կազմը համալրում է իր ընտրությամբ` նախապատվությունը տալով տվյալ առարկայի (մոդուլի) համար պահանջվող որակավորում ունեցող անձանց:
Մրցույթի անցկացում և հաղթող
Մրցույթն անցկացվում է բանավոր` հարցազրույցի միջոցով, յուրաքանչյուր մասնակցի հետ առանձին` նախապես կազմված առաջադրանքներից, որոնք առնչվում են դասավանդվելիք առարկային (մոդուլին) և մանկավարժական գործունեությանը:
-
Վիճակահանությամբ ընտրում է հարցատոմս` բաղկացած հինգ հարցից, որտեղ կարող են ներառվել նաև 1-3 գործնական հարցեր: Կարող է տրվել մինչև հինգ հարակից հարց: Պատրաստվելու համար տրվում է մինչև 15 րոպե ժամանակ, պատասխանն արձանագրվում է հանձնաժողովի քարտուղարի կողմից, հնչեցրած բոլոր պատասխանները ձայնագրվում են։
-
Մասնակիցը համարվում է հարցազրույցի փուլը հաղթահարած, եթե ճիշտ է պատասխանել հարցատոմսի հինգ հարցից առնվազն երեքին և հարակից հարցերի գերակշիռ մասին: Պատասխանները գնահատվում են «ճիշտ» կամ «սխալ»: «Սխալ» գնահատման դեպքում հանձնաժողովի նախագահի կամ հարց տվողի կողմից պետք է հնչեցվի ճիշտ պատասխանը:
-
Քվեարկությամբ հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստացել է առավելագույն «կողմ» ձայներ: Հավասար «կողմ» ձայն հավաքած մասնակիցներից տնօրենը կարող է առավելություն տալ նրան, ով ունի առավել երկար մանկավարժական, կա՛մ մասնագիտական աշխատանքային ստաժ, կա՛մ առավել բարձր գիտական աստիճան, կա՛մ տվյալ առարկայի գծով վերապատրաստման վկայական:
-
Հաղթողի հետ երեք աշխատանքային օրվա ընթացքում կնքվում է աշխատանքային պայմանագիր` նրա դիմումի հիման վրա:
Բողոքարկում
Մրցույթի արդյունքները հրապարակելուց հետո՝ 1 ժամվա ընթացքում, մասնակիցը կարող է բողոքարկել դրանք: Բողոքարկման արդյունքում ընդունված որոշումը կարող է բողոքարկվել` դիմելով կրթության պետական կառավարման լիազոր մարմնին կամ դատական ատյան: