ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով միասնական գործել ու աջակցել միմյանց՝ համավարակը հաղթահարելու և կյանքեր փրկելու համար այն բանից հետո, երբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսից մահացության ցուցանիշը գերազանցել է 2 միլիոնը: Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի պաշտոնական կայքից:
Գլխավոր քարտուղարը նշել է, որ գլոբալ համակարգված ջանքերի բացակայությունն ավելի է վատթարացրել համավարակով պայմանավորված մահացության վիճակը:
«Ի հիշատակ երկու միլիոն հոգիների՝ աշխարհը պետք է մեծ համերաշխություն ցուցաբերի»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
Անտոնիու Գուտերեշի խոսքով՝ պատվաստանյութերն ավելի արագ հասնում են հարուստ երկրներին, մինչդեռ աղքատ երկրները պատվաստանյութ ընդհանրապես չունեն: Գուտերեշը նշել է, որ համավարակը հնարավոր չէ հաղթահարել միայն մեկ երկրում. դրա դեմ պայքարը պետք է լինի գլոբալ: