Շինարարներն անտեսում են ձմռան ցուրտն ու արագացնում վերականգնողական կենտրոնի կառուցումը: Պրոթեզավորման ու վերականգնողական ծառայությունը կգործի Արաբկիր բժշկական համալիրի նոր կառուցվող մասնաշենքում: Նպատակն է՝ արագ ոտքի կանգնեցնել վիրավորներին:
Արա Բաբլոյան, Արաբկիր բժշկական համալիրի ղեկավար - Եթե չեմ կարողացել գնալ կռվելու, պատասխանատվություն եմ կրում այսպես կռվելով, սա էլ մեր ճակատն է:
Պատերազմում երկու ձեռքը կորցրած Վարազդատ Սանեյանը նշանադրությունից հետո եկել է բուժկենտրոն: Ռուսաստանից, Ֆրանսիայից ժամանած մասնագետները հայ գործընկերների հետ քննարկում են զինծառայողի ձեռքերը վերականգնելու լավագույն հնարավորությունը:
Սարիբեկ Սանեյան, Վարազդատ Սանեյանի հայրը - Մենք ուզում ենք, որ լավագույն տարբերակը լինի, այնպիսի ձեռքեր, որ գործողություն կատարի: Դրանից հետո տղայիս հարսանիքը կկազմակերպենք:
ԱյԹի մասնագետը Ֆրանսիայից եկել է ճապոնական դիզայնով ձեռքի պրոթեզի իր հավաքած նախատիպով: Մոսկվայից հրավիրված պրոթեզիստն էլ հետազոտում է և պրոթեզավորումից առաջ կգնահատի, թե ինչպիսին պետք է լինի վերականգնումը:
Վերականգնողական կենտրոնի ստեղծման հիմքում, Արա Բաբլոյանի խոսքով, համալիր ծրագիր է: Վիրավոր զինծառայողները կստանան բուժօգնություն, կպրոթեզավորվեն, կանցնեն վերականգնողական բուժում: Կօգնեն նաև կյանքի բնականոն ռիթմ վերադառնալ:
Արա Բաբլոյան - Մենք պետք է տեսնենք՝ աշխարհի լավագույն արտադրանքները որո՞նք են, ո՞րն է ճիշտ՝ մնանք կախյա՞լ՝ դրսի՞ց բերենք, թե՞ ներսում դնենք արտադրություն, որը կարող է փոխարինել նրան, ինչը կարող ենք դրսից բերել:
Քննարկվել, որոշվել է՝ նորաստեղծ կենտրոնում կազմակերպել նաև ժամանակակից պրոթեզների ու օրթեզների արտադրություն:
Արա Թեքյոզյան, Օրթեզավորման կենտրոնի տնօրեն - Անենք այն, ինչ չունենք, նոր ներդրումներ կատարենք, տեխնոլոգիաներ բերենք Հայաստան, որ տարբերություն չլինի՝ իրենք Հայաստանո՞ւմ են պրոթեզավորվել, թե՞ զարգացած երկրում:
Բժշկական համալիրը մասնագետի խնդիր չունի: Զինվորի լիարժեք ապաքինմանը բժիշկներին կմիանան նաև հոգեբանն ու սոցաշխատողը:
Արա Բաբլոյան - Կենտրոնը, միաժամանակ, ունի և կընդլայնի հիվանդանոցային վերականգնողական ծառայության մասը, արտահիվանդանացայինը եղել է մեծ ծավալը: Այս առումով Հայաստան հիմնադրամը ևս աջակցության ձեռք է մեկնել, որ կարողանանք որոշ սարքեր ձեռք բերել:
Շշվեյցարացի գործընկերներն առաջիններից են արձագանքել ու Հայաստան ուղարկել վերականգնողական սարքեր ու պարագաներ:
Արա Թեքյոզյան - Համոզված եմ՝ մեր բոլոր զինվորները, ովքեր կարիք ունեն, ստանալու են ամենաժամանակակից պրոթեզները՝ ըստ իրենց ֆիզիկական հնարավարության:
Արդեն գարնանից կսկսի գործել Հայաստանի նոր վերականգնողական կենտրոնը՝ բուժելու պատերազմի վերքերը: