Հայաստանի Հանրապետությունը պատրաստվում է ընդդեմ Ադրբեջանի գանգատ ներկայացնել մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է ՄԻԵԴ-ում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Մենք բավականին ժամանակ է իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ՝ ապացույցների հավաքագրում, գնահատում, գանգատի նախապատրաստման պրոցեսներ: Մոտակա ժամանակներում մենք պատրաստվում ենք ընդդեմ Ադրբեջանի ներկայացնել գանգատ:
Այն ներառելու է բավականին մեծ շրջանակ՝ սկսած զոհերի, վիրավորների, տեղահանվածների իրավունքների պաշտպանության տրամաբանությունից մինչև կորցրած և վնասված գույքի վերաբերյալ պահանջները, որոնք կարծում ենք բավականին մեծաթիվ են»,- նշել է Կիրակոսյանը։
Նրա խոսքով` գանգատի մեջ նաև քննարկվելու են միջազգային իրավունքի բոլոր խախտումները՝ ներառյալ միջազգային մարդասիրական իրավունքների խախտումները, որն Ադրբեջանը թույլ է տվել պատերազմի ընթացքում արգելված մեթոդներով ու միջոցներով պատերազմ վարելու եղանակով: