Արսենին կհիշեք: Պատերազմի առաջին օրը աչքն է կորցրել ու հենց հիվանդանոցում՝ վիրահատվելուց հետո ընկերուհուն ամուսնության առաջարկ արել:
Արսեն Ավետիսյան (Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից) - Զանգել եմ եղբորս, ասել եմ՝ աշխատավարձը քարտիցս հանի:
Մարիամ Քոչարյան (Արսեն Ավետիսյանի հարսնացուն) - Մեծ անակնկալ էր, երբեք չէի պատկերացնի, որ տենց կլինի, գիտեի՝ գնացել է աչքին իմպլանտ տեղադրել: Եկան, ասացին՝ զինվորներին դուրս են գրում, նկարահանում է: Իջա, տեսա՝ բոլորը կանգնած են, փուչիկները նկատեցի, կռահեցի:
Նշանադրությունը պլանավորել էին սեպտեմբերի հերթափոխից հետո. պատերազմն ավելի ամրապնդեց ցանկությունը, ու նշանադրության օրացույցը փոխվեց: Մտադրության մասին միայն եղբորն է ասել: Հայրն էլ լուրը հեռուստատեսությամբ է լսել:
Պատերազմի օրերին կյանքը անկանխատեսելի վերջաբանով կինո էր դարձել: Սեպտեմբերի 27-ի առավոտյան, տագնապով ուժեղացված ծառայության են անցել, խրամատներում դիրքավորվել ու հասկացել են՝ թշնամին ոչ միայն ցամաքում է, այլև՝ օդում՝ անդադար գրոհող անօդաչուներով:
Որդու հետ կատարվածի մասին առանց արցունքի որևէ խոսք, որևէ բառ ասել Արսենի հայրը չի կարողանում: Բայց հիմա եղածն անցյալում են թողել, պատրաստվում են հարսանիքի:
Կյանքը մի պահ կանգ էր առել՝ անկեղծանում է Մարիամը: Բայց մտավախությունն ու հուզմունքը միշտ Արսենից թաքուն է պահել, հիվանդասենյակ մտել միայն ժպիտը դեմքին: Ասում է՝ պատերազմն իրենց սերն ավելի է ամրացրել:
Այսպես՝ միշտ իրար ձեռք բռնած, մեկը մյուսին օգնելով ու լրացնելով առաջ կնայեն: Երկու ամսից կամուսնանան, բայց մինչ այդ Արսենը երրորդ անգամ կվիրահատվի, որից հետո աչքը կիմպլանտավորեն:
Կյանքի ու մահու կռիվ տված երիտասարդը 23-ամյակն է նշում՝ հիմա արդեն ավելի ուժեղացած ու կյանքն ավելի արժևորած: Պատերազմից հետո հասկացել է՝ պետք է շատ երեխաներ ունենալ:
Արսենը վստահեցնում է՝ եթե հնարավորություն տրվի՝ զինվորական ծառայությունը պատրաստ է շարունակել ու կրկին կանգնել ժամկետային այն տղաների կողքին, որոնք մարտի դաշտում հերոսական պատմություններ կերտեցին:
Հեղինակ՝ Քրիստինե Ոսկանյան