Ուհանի ինստիտուտի մի քանի հետազոտողներ կորոնավիրուսով են հիվանդացել դեռևս 2019 թվականի ամռանը՝ COVID-19-ի առաջին գրանցված դեպքից առաջ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը: Մայք Պոմպեոն նշել է, որ ինստիտուտն առնչություն ունի ռազմական հետազոտությունների հետ։ Մինչ ոլորտի պատասխանատուներն ու աշխարհի առաջնորդները քննարկում են վիրուսի ծագման առանձնահատկությունները, աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպը շարունակում է աճել:
Մութ ձմեռ է լինելու՝ հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը՝ խոսելով երկրի տարածքում կորոնավիրուսի պատվաստումների իր որդեգրած ծրագրի մասին: Բայդենի վարչակազմը նախատեսում է բոլոր ջանքերը ներդնել՝ պատվաստանյութերի արտադրամասեր կառուցելու համար: Սպիտակ տան ընտրյալ առաջնորդը հայտարարել է, որ նպատակ ունի պատվաստանյութերի հասանելիությունը հասցնել այն մակարդակի, որ դրանք ազատորեն վաճառվեն անգամ դեղատներում:
Ջո Բայդեն (ԱՄՆ նորընտիր նախագահ) - Գրեթե մեկ տարի անց մենք դեռ հեռու ենք կյանքի բնականոն հուն վերադառնալուց: Ամեն բան ավելի վատ է լինելու, մինչև հայտնվենք դրական ուղու վրա: Մեր որդեգրած քաղաքականության արդյունքում պիտի փոփոխվի վիճակագրությունը, դա կլինի տեսանելի արդյունք: Կորոնաթվերն ուղղակի թվեր չեն, դրանք մարդկային կյանքեր են, որ թանկ արժեն մեզ համար:
Իսպանիայում նոր սահմանափակումներ են մեկնարկում՝ կապված COVID-19-ի երրորդ ալիքի հետ: Երկրում ոլորտի պատասխանատուները հայտարարել են, որ իրավիճակը բարդացել է Սուրբ Ծննդյան ու Ամանորի արձակուրդից հետո: Միայն վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19-ի 245 հազար դեպք, որից 146 հազարը՝ մեկ շաբաթվա ընթացքում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն էլ չի բացառում, որ COVID-19-ի հետ կապված իրավիճակի զարգացման հետ մեկտեղ կարող են ներդրվել իմունային անձնագրեր:
Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ռազմական բուժաշխատողները սկսել են խաղաղապահների պատվաստումները Լաչինի միջանցքում և Արցախի շփման գծի երկայնքի դիտակետերում: Մարտունու և Մարտակերտի շրջանների երեք դիտակետում զորախմբի բժիշկների շարժական բրիգադները պատվաստել են մոտ 100 զինծառայողի: Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ է առաքվել պատվաստանյութի մոտ 2 հազար չափաբաժին, որը բավարար է խաղաղապահների ամբողջ անձնակազմի համար: Պատվաստանյութն առաքվել է հատուկ ջերմային տարաներով, որոնք ապահովել են դրա անվտանգությունը տեղափոխման ընթացքում: