Կորոնավիրուսն այս տարի ինչ ազդեցություն էլ ունենա գյուղատնտեսական բիզնեսի վրա, ոլորտի աջակցության ծրագրերը կշարունակվեն: 2020-ին կորոնավիրուսի բացասական հետևանքները մեղմելու երկրորդ ծրագրով 30 հազար տնտեսվարողի կառավարությունն աջակցեց, և նրանք ցածր տոկոսներով վարկեր ստացան:
Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - 2020 թվականի ընթացքում այդ ծրագրի ընթացքում տրամադրվել է շուրջ 80 միլիարդ դրամի վարկ:
2019-ին այդ գումարներից օգտվել էր ընդամենը 9 հազար շահառու: Պետական աջակցությամբ հատկացվող 3-5 տոկոս տոկոսադրույքով տնտեսվարողները 7.4 միլիարդ դրամի գյուղտեխնիկա և ագրովերամշակման սարքավորումներ էին գնել: 2019-ին գումարը 4.4 միլիարդ դրամ էր: Գյուղատնտեսության աջակցության ծրագրերի արդյունավետությունը փոխնախարարը բացատրում է գյուղմթերքի արտահանման ծավալներով:
Արման Խոջոյան - 2020 թվականին թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը կազմել է 145 հազար 500 տոննա, որը նախորդ տարվա համեմատ շուրջ 3000 տոննայով ավելի է:
Վերամշակողները հասցրել են մթերել շուրջ 98 հազար տոննա բերք: Ակտիվ են եղել նաև հացահատիկային կուլտուրաներ աճեցնողները: Մասնավորապես, հակաճգնաժամային ծրագրով բարձրորակ սերմացուի տրամադրման փաթեթով մարդկանց հատկացվել է 4500 տոննա աշնանացան, որի արդյունքը տեսանելի կլինի այս տարի: Վերամշակող ընկերություններին հատկացվել է շուրջ 2 միլիարդ դրամ դրամաշնորհ:
Արման Խոջոյան - Պայմանագրեր են կնքվել շուրջ 57 վերամշակող կազմակերպությունների հետ:
Աջակցության ծրագրերը կշարունակվեն, սակայն՝ փոփոխված պայմաններով՝ ասում է փոխնախարարը: Տնտեսագետները մշակում են գյուղացուն աջակցելու ավելի ձեռնտու տարբերակներ: