«Մեր տունը» կազմակերպությունում կերակուրն արդեն ամենամեծ կաթսայի մեջ են պատրաստում։ Կացարանը, որտեղ ապրում են մանկատան շրջանավարտ աղջիկները, համալրվել է նոր բնակիչներով։ Հադրութի Ուխտաձոր գյուղից են, բազմանդամ ընտանիք, որ «Մեր տուն» է հասել՝ մի քանի հասցե փոխելուց հետո։
Մարգարիտա Սաֆարյան - Մասիսում ենք եղել, հետո՝ Հոկտեմբերյան, այնուհետև՝ այստեղ:
Ստեփանը ավագ ենթասպա է, պատերազմի ժամանակ ոտքից ծանր վիրավորվել ու տեղափոխվել է Հայաստան։ Երկար բուժվել է։ Վերջերս է դուրս գրվել հիվանդանոցից, բայց դեռ անկողնուց բարձրանալ չի կարողանում։
Ստեփան Աբալյան - Ոտքս տազից մինչև ծունկս ջարդված է, 5 սմ կարճացել է, երկաթներով հավաքել-երկարացրել են, 50 օր պառկած եմ եղել Քանաքեռի հիվանդանոցում, մինչև հիմա չեմ կարողանում քայլել։
Ստեփանի ավագ եղբայրն էլ Արցախյան առաջին պատերազմի զոհերից է։ Մայրը մի կերպ է թաքցնում արցունքները:
Նորա Աբալյան - Ավելի շատ եմ ցավ զգում, որ չի կարողանում քայլի։
Վանիկն էլ՝ Ստեփանի տղան, Էջմիածնի 9-րդ դպրոց է տեղափոխվել, բայց նոր միջավայրին դեռ չի հարմարվել։ Իր գյուղը, դպրոցն ու դասընկերներին է կարոտում։ Իսկ մեծ տունը, որտեղ ժամանակավոր բնակություն են հաստատել, ճիշտ է՝ հյուրընկալ ու հարմարավետ է, բայց իրենցը չէ։ Ասում է՝ կուզեի հրաշք լիներ, ու ցանկություններս իրականանային։
Վանիկ - Հայրիկը քայլի, մենք էլ տուն ունենանք։
Այնտեղ՝ Հադրութում, միշտ զբաղված են եղել՝ տուն, տնտեսություն, այգի, գործից աչք չեն բացել։ Իսկ այստեղ ավելի հանգիստ են․ եթե այնպես է լինում, որ կանայք ինչ-որ բան չեն հասցնում, «Մեր տան» աղջիկներն են օգնում։
Մարգարիտա Սաֆարյան - Երեխային պահում են, երբեմն թեյ են բերում ամուսնուս, որ չեմ հասցնում, լավ աղջիկներ են, անձնակազմն էլ է լավը։
Մարգարիտան բուժքույր է, բայց պատրաստ է ամեն տեսակ աշխատանքի։ Մինչև ամուսինը ոտքի կկանգնի, ընտանիքի կարիքներն ինքը պետք է հոգա։ Ստեփանն էլ, ապաքինվելուն պես, գործի կանցնի, որ կյանքը նոր հունով սկսի։
Ստեփան - Որ տուն լինի՝ ապրենք, կգնամ-կաշխատեմ, որ երեխաներիս պահեմ, բայց տուն պիտի լինի։
«Մեր տան» կյանքը մտերմացրել է Ստեփանին ու զոքանչին։ Հադրութում միմյանց տեսակցելու առիթներ ու ժամանակ քիչ են ունեցել, այստեղ մի տանիքի տակ են՝ հաշտ ու համերաշխ, իրարից գոհ։
Ստեփան - Օգնում է, երեխային տանում է դպրոց, բերում:
Հադրութցի կանայք «Տան» հնաբնակներին խոստացել, բայց չեն հասցրել ծանոթացնել արցախյան խոհանոցի համ ու հոտին։ Ճաշացանկը պատրաստ է․ առաջին համտեսը շատ չի ուշանա։