«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1.5 միլիոն դոլար է տրամադրել 44-օրյա պատերազմի վիրավորներին պրոթեզավորելու համար: Հիմնադրամի տնօրենը վերականգնողական կենտրոնում է՝ տեղում ծանոթանալու, թե ինչ պայմաններում են բուժում ստանում հայրենիքի պաշտպանները:
Նիդեռլանդական արտադրության պրոթեզավորման գերժամանակակից լաբորատորիան արդեն Հայաստանում է: Հայրենիքի պաշտպանի կենտրոն կգործուղվի նաև հատուկ մասնագետ, որը կվերապատրաստի հայ բժիշկներին: Առաջին փուլով Հայաստան կուղարկվի 100 պրոթեզ:
Հայկակ Արշամյան («Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն) - Ունենք զինծառայողներ, որ խնդիր ունեն, ունենք զինծառայողներ, ովքեր չգիտենք՝ կամպուտացվե՞ն, թե՞ ոչ: Եթե ամպուտացվեն, բնականաբար, նոր խնդիր է առաջանում: Փորձում ենք գոնե առաջին փուլով հրատապ էս կարիքները հոգալ:
«Հայաստան» համահայկական հիմնադրամը շարունակելու է գնահատել վերականգնողական կենտրոնի կարիքները: Անհրաժեշտության դեպքում հատկացվող գումար կավելացնեն, որ հայրենիքի պաշտպանը բուժումը շուտ ավարտի ու տուն շտապի: «Պարտադիր զինվորական ծառայությանը պետք է հաջորդի պարտադիր բուժումը»,- ասում է Զինվորի տան հիմնադիրը:
Հայկուհի Մինասյան («Աջակցություն վիրավոր զինվորներին, զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ) - Մենք ունենք սարքավորումներ, մենք ունենք քայլքի լաբորատորիա և մենք համահայկական հիմնադրամի աջակցությամբ կարողանում ենք ստանալ նաև որակյալ պրոթեզներ, որակյալ ծնկներ, թաթեր և տղաներին կարողանալու ենք այդ ամենն ապահովել:
20-ամյա Ալենն այս կենտրոնում բուժվող 300 վիրավորից մեկն է: Ծառայել է Արցախի հյուսիսում: Պատերազմի երրորդ օրը հրթիռահրետանային հարվածի հետևանքով կորցրել է աջ ձեռքը:
Ալեն Արտեմյան - Անընդհատ մտածում էինք, որ լավ ա լինելու, ու շուտ կվերջանա ամեն ինչ: Դժվար կլինի մոռանալ, ահավոր շատ կօգնի առօրյա կյանքում, որովհետև մի ձեռքով հաստատ ավելի դժվար է, քան որ երկու ձեռք ունենաս:
Դիպուկահար Ալենի ձեռքն ավելի շուտ կպրոթեզավորեն: Նա վերականգնողական կենտրոնի առաջին հիվանդներից է: Հունվարի 23-ին Ամերիկայում առցանց դրամահավաք է անելու ամերիկահայ երաժիշտ Սերժ Թանկյանը, հավաքված միջոցները նույն նպատակին կծառայեն: