«Ես ողջ եմ»՝ բոլոր ուժերը հավաքելով ասել է Սեյրանը, երբ բժիշկն իր ոչ մի հարցին արձագանք չստանալով՝ ձեռքը դնելով երակին, ասել է՝ «արդեն ուշ է»: Մահանալս զգում էի՝ պատմում է Մեխակավանում՝ Ջաբրայիլում ծառայած տանկիստը: Այնպես չէ, որ բժիշկը սխլավում էր, պարզապես ես չկարողացա համակերպվել մահվան հետ ու մի կերպ ուժ գտա բժշկի ձեռքը բռնելու՝ պատմում է Սեյրանը:
Սեյրան Սողոյան - Զգում էի, որ արդեն վերջն է, մահանում եմ, բայց անընդհատ ինձ ստիպում էի, որ չէ, ի՞նչ մահանալ: Բժիշկն ասաց, որ ուշ է, այդ բառերը լսելով՝ ուժ հավաքեցի ու ասացի՝ ողջ եմ, ինձ փրկեք:
Այդ հիմա է Սեյրանի համար սայլակից ինքնուրույն տեղափոխվելը հաղթանակ: Երբ վերականգնողական կենտրոն եկավ, նույնիսկ ձեռքերը շարժել չէր կարող, անընդհատ պառկած էր: Իսկ Մեխակավանում տանկիստը թշնամու գրոհներն էր կասեցնում: Այդ ժամանակ էլ թշնամու գնդակից վնասվել են թոքն ու ողնաշարը: Հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած դեպքից մինչև օրս հիշում է ողնաշարի սաստիկ ցավերը, երբ Ուրալով փորձում էին իրեն արագ փրկել-հեռացնել ռազմի դաշտից:
Սեյրան Սողոյան - Ուրալի մեջ մի տղա կար, իրեն չեմ հիշում, ինքն ամբողջ ընթացքում ինձ գրկած պահեց, որպեսզի մեջքս իրար չգա, որովհետև Ուրալը արագ էին վարում, որպեսզի չկրակեին մեքենայի վրա: Ինքը գրկած ինձ պահեց ու դրա հետ մեկտեղ աչքերս էր մատներով պահել, որ չփակեմ: Ես իրեն շատ շնորհակալ եմ:
Իր մասին այդքան հոգ տարած տղային Սեյրանը ոչ ճանաչում է, ոչ անունը գիտի, ոչ էլ դեմքն է հիշում: Խնդրում է, եթե այդ տղան հիմա իրեն տեսնում ու լսում է, թող արձագանքի, շատ ասելիք ունի: Սեյրանի՝ այս օրերի հասցեն է՝ Երևան, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Վիրահատություններն արդեն անցյալում են, հիմա պայքարը քայլելու համար է:
Սեյրան Սողոյան - Ինձ տրվեց երկրորդ անգամ ապրելու հնարավորություն՝ բառիս բուն իմաստով, որովհետև երբ աչքերս բացեցի առաջին անգամ, տեսա բժիշկների աչքերը, ուրախությունը: Մի անբացատրելի զգացողություն էր, որովհետև հետո իրենք էլ ասացին, որ վիճակս շատ ծանր է եղել:
Սեյրանը ջանք ու եռանդ չի խնայում: Եթե մի ամբողջ թիմ է իր առողջության համար այդպես պայքարում, ինքն ինչպե՞ս կարող է ծուլանալ:
Սեյրան Սողոյան - Շատ եմ ցանկանում, որ այս կենտրոնի մասին շատերն իմանան, որովհետև այն տարբերվում է մնացած բոլոր հաստատություններից, որովհետև եթե կա այստեղ տուն բառը, ուրեմն ամեն ինչ ասված է:
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողը դեռ մինչև զորակոչվելն էր մտածել. ինչպե՞ս կարող է հայտնվել այս կենտրոնում, որ օգնի վիրավոր զինծառայողներին: Ի՞նչ իմանայի, որ հենց ինքս եմ ունենալու այդ օգնության կարիքը՝ ասում է: Բայց նրա ցանկությունն էլ անկատար չեն թողել: Վերականգնողական բուժմանը զուգահեռ Սեյրանը նաև աշխատանքի է անցնում զինվորի տանը:
Սեյրան Սողոյան - Անգլերենի դասերի եմ հաճախում՝ խոսակցականն ավելի լավ դարձնելու համար: Ուզում եմ չինարեն ու արաբերեն սովորել ու ինչքան հնարավոր է՝ շատ լեզուներ եմ ուզում սովորել:
Վերականգնողական կենտրոնը բոլոր դասընթացները կկազմակերպի: Ապագա միջազգայնագետի ոչ մի ցանկություն անկատար չեն թողնի: Հունվարի 17-ին՝ վաղը, Սեյրանը զորացրվելու էր, իր ոտքով, ծաղկեփնջով գալու էր մորը գրկեր: Ոճային ու գեղեցիկ տղան դեռ երեք ամիս առաջ նույնիսկ որոշել էր, թե ինչ հագուստով է վերադառնալու, ծառայության ժամանակ ստացած մեդալներն էլ կրծքին էին լինելու: Ոչինչ չի փոխվել, պլաններն ուժի մեջ են, թող քիչ ուշ լինի, միայն թե Սեյրանն իր 1 մետր 83 սանտիմետր հասակով երկու ոտքերի վրա նորից ամուր կանգնի: