Շիրակցիները փակել էին Երևան-Գյումրի միջպետական ավտոճանապարհը Ազատանի հատվածում՝ արգելելով «Հայրենիքի փրկության շարժման» անդամներին մտնել մարզ, հասնել Գյումրի և հանդիպում իրականացնել։
Տեղում աշխատում էր ոստիկանությունը, և «Հայրենիքի փրկության շարժման» անդամներից ոմանք, այնուամենայնիվ, կարողացան անցնել ճանապարհը: Մինչ հանդիպումը լրագրողների հետ զրույցում շարժման անդամներից Վազգեն Մանուկյանը ասաց, որ ընդդիմության հանդիպումները մարզերում կարևոր են:
«Լուրերի» այն հարցին, թե ովքե՞ր էին ճանապարհը փակողները, ի՞նչ ասելիք ունեին շիրակցիները, Վազգեն Մանուկյանը պատասխանեց․ «Ճանապարհը փակ է, և մեր մեքենաները այնտեղ էին, բայց ես անցա: «Իմ քայլը» իրանց փող էր բաժանել, իրանք էլ խոսում էին: Բոմժեր էին, որոնց փող էր բաժանված, ուրիշ ոչինչ»:
Դահլիճային հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ Վազգեն Մանուկյանն անդրադարձավ Ազատանում ճանապարհներ փակողներին, ապա ասաց, որ «Հայրենիքի փրկության շարժման» անդամների մի մասին չի հաջողվել անցնել ճանապարհը, մեքենաներով մնացել են ճանապարհին։
Նա քննադատեց իշխանությունների քաղաքականությունը՝ հատկապես նախապատերազմյան շրջանում և պատերազմի օրերին, խոսեց ապագա պլաններից։
ՀՅԴ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ իշխանություններն իրենց վարած քաղաքականությամբ են հասցրել վիճակը պատերազմի և դավաճանական քայլերով տարել երկիրը պարտության։
Վերջում ընդդիմության ներկայացուցիչները պատասխանեցին նաև հանդիպման եկած քաղաքացիների հարցերին։
«Հայրենիքի փրկության շարժման» հանդիպման հաջորդ կանգառը Վանաձորն է։