Ֆրանսիայից ժամանած բժիշկների խումբը «Գյումրի» բժշկական կենտրոնում անվճար խորհրդատվություն է մատուցել պատերազմում տուժած Շիրակցի զինծառայողներին։ Բժշկական խմբում են վնասվածքաբան, պլաստիկ վիրաբույժ, անոթաբան։ 7 հոգանոց խմբից երկուսը մեր հայրենակիցներն են: Սա երկրորդ հանդիպումն է Գյումրիում։ Ֆրասնիացի մասնագետները «Գյումրի» կենտրոնի բժիշկների հետ համատեղ վիրահատություններ կիրականացնեն։
Ժամկետային զինծառայող Էմին Ունոսյանը վիրավորում է ստացել Մադաղիսում։ Արդեն երեք անգամ ազատանցի տղային վիրահատել են մայրաքաղաքում։
Լուսինե Ունուսյան, ժամկետային զինծառայող Էմին Ունոսյանի մայրը - Վնասվել է ոտքը, ողնաշարը, երկարատև բուժում է պետք Էմինին։ Երկու անգամ դեռ վիրահատելու են:
Հրաշքով փրկված համեստ հերոսը սխրանքի մասին խոսել չի ուզում, ասում է՝ իր պարտքն է կատարել։ Ծանր է տանում միայն ընկերների կորուստը։ 20 օրով տնային խնամք են նշանակել, հիմա նա տանն է, մի քանի օրից կտեղափոխեն հոսպիտալ՝ բուժումը շարունակելու։ Այսօր նրան հետազոտեց նաև Ֆրանսիայից ժամանած բժիշկների խումբը՝ գյումրեցի մասնագետների հետ։
Լուսինե Ունուսյան - Հույս տալիս են, երեք տարվա մեջ պիտի վերականգնվի, նյարդերը ներվարմատից պոկված են, թաթի մասը չի զգում, կանգնել, նստելը դժվար է։
Էմինն անպայման կքայլի, պարզապես ժամանակ ու լավատեսություն է պետք։ Ֆրանսիայից ժամանած բժիշկների խումբն այսօր գյումրեցի մասնագետների հետ շուրջ 30 հոգու անվճար խորհրդատվություն տրամադրեց։
Լևոն Խաչատրյան, Ֆրանսիայից ժամանած վիրաբույժ - Մենք փորձում ենք տեղի գործընկերների հետ բարդ դեպքերը համատեղ խորհրդակել, լավագույն լուծումը գտնել։
Ֆրանսիայից խումբը տասը օր առաջ է ժամանել՝ վիրաբույժ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ ու նախաձեռնությամբ, որը ծննուդով Գյումրիից է։ Խմբում հայազգի ևս մեկ բժիշկ կա։
Գյումրի ԲԿ-ում վիրավորված զինծառայողներ չեն հիսպիտալացվել, սակայն ամբուլատոր ծառայություն ու խորհրդատվություն մշտապես իրականացվում է։ Առաջիկայում սպասվում են վիրահատություններ՝ ֆրանսիացի մասնագետների հետ համատեղ։
Բժիշկների խումբը խորհրդատվություններ իրականացնում է նաև Երևանի և Արցախի բուժհաստատություններում, մտադիր են աշխարհագրությունն ընդլայնել։ Երկու օրից խումբը մեկնում է Ֆրանսիա, սակայն փետրվարի սկզբին դարձյալ կվերադառնա։